Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ ընկերության սեփականատիրոջ որոշմամբ՝ այն բաժանորդները, որոնք փետրվար եւ մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչեւ 10 հազար դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից:
«Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ եւս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք եւ համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետեւանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։
Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին»,- նշված է ՀԷՑ-ի հայտարարության մեջ։