Ցանկացած գիտության մեջ փաստն ինքնին հանդիսանում է այն առաջնային հիմքը, որի վրա կառուցվում են բոլոր տեսությունները և դիսցիպլինները: «Փաստ» իրողությունը ենթակա է ամենատարբեր ընկալումների և մեկնաբանությունների, որոնց արդյունքում հաճախ տեղի է ունենում փաստի խեղաթյուրում, ինչպես նաև հակառակը` իրականության բացահայտումը: Գիտության և հասարակական գործունեության տարբեր ոլորտներում փաստի չափորոշիչները չափազանց տարբեր կարող են լինել: Սույն դիտարկման սահմաններում կփորձենք համեմատականներ տանել փաստի լրագրողական և պատմական ընկալման դիսկուրսների միջև, որպես օրինակ վերցնելով Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում բարձրացրած «հարցը» և դրա արձագանքները:
Լրագրողական, լրատվական դիտանկյունն այդ հարցն ընկալում է որպես կայացած փաստ` չխորանալով ենթատեքստերի մեջ և չենթակելով այն վերլուծության, արձանագրելով այն որպես կատարված իրողություն: Լրատվությունն այս իրողությունը մատուցում է հանրությանը առանց այլևայլության` միաժամանակ որոշակի էմոցիոնալ երանգով: Այսինքն կախված նրանից , թե լրատվամիջոցը որ խմբի շահերն է սպասարկում (ցավոք մեր իրականության մեջ հիմնականում լրատվամիջոցները նման գործառույթ ունեն) Փոստանջյանի կամ ԻՔՍ քաղաքական գործչի հայտարարությունը ներկայացվում է կա՛մ հերոսացնելու, կա՛մ դատափետելու տեսանկյունից: Փոստանջյանի պարագայում մենք ականատես եղանք երկու դեպքին էլ: Փաստի պատմական ընկալումը տրամագծորեն այլ է:
Պատմաբանի դիտանկյունից ցանկացած իրողություն, որը հավակնում է փաստ լինելուն, պետք է անցնի որոշակի անալիզի և ֆիլտրացիայի միջով: Մինչ իրողության փաստ դառնալը՝ պատմական հայացքը ենթադրում է իրողությունից առաջ և հետո կատարված գործընթացների ուսումնասիրություն, դեպքերի զարգացման տրամաբանության որոնում, նմանատիպ իրադրությունների համեմատականներ, որոնցից հետո արդեն, իրողությունը արձանագրվում է որպես փաստ կամ հակառակը` ֆարս:
Համադրելով վերոհիշյալ երկու մոտեցումները, Փոստանջյանի պարագայում կարող ենք գալ հետևյալ եզրակացություններին։
Լրագրողական տեսանկյունից, այն՝ ինչ կատարվեց ԵԽԽՎ-ում, սենսացիա էր: Հասկանալի է ցանկացած սենսացիայի նկատմամբ հասարակական վերաբերմունքը լինում է շատ բուռն, զգացմունքային, ինչպես նաև բերում է ուշադրության շեղման այլ խնդիրներից: Եթե սրան գումարենք հայաստանյան լրատվական դաշտի մեծամասնության կարգավիճակը, ապա կարող ենք ասել, որ հայրենական մեդիան կատարեց իր պատվերը և Փոստանջյանի հարցը ներկայացնելով որպես սենսացիոն փաստ, հասարակական ուշադրությունը շեղեց այլ՝ շատ ավելի կարևոր խնդիրներից:
Պատմական դիտանկյունից ընդամենը կարող ենք ասել, որ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, գազի վերաբերյալ պայմանագրի առեղծվածի, Մաքսային միությանն անդամակցելու համապետական նշանակության որոշման և մնացած այլևայլ օրակարգային և հրատապ հիմնախնդիրների առկայության պայմաններում, Փոստանջյանի հարցն ընդամենը ֆարս էր, որը և լրատվամիջոցների ջանքերով վերածվեց սենսացիայի: Համաձայնեցված էր դա Փոստանջյանի հետ թե ոչ՝ չշտապենք գնահատական տալ, սակայն աներկբա է, որ Փոստանջյանը կամա թե ակամա դարձավ լրատվական մանիպուլյացիայի գործիք: Հավելենք նաև, որ ֆարսի գործընթացը շարունակվում է իշխանության կամ իշխանության խոսափող լրատվամիջոցների կողմից, և փորձ է արվում թեման անընդհատ «տաք» պահել: Ասվածի վկայությունն է Խաչիկ Ասրյանի հերթական ոչ ստանդարտ և նորմատիվ վիրավորանքը Փոստանջյաին, որի հետ կապված հնչելու են կարծիքներ, հակադարձումներ և այլն: Արդյունքում՝ կրկին հասարակական ուշադրության շեղում:
Հ.Գ. Զուտ սուբյեկտիվ մոտեցմամբ կարծում եմ` նպատակահարմար չէ Զարուհի Փոստանջյանի հարցով և դրա արձագանքներով լցնել եթերը:
Աղասի Մարգարյան