տուն Հասարակություն Փաշինյանի կողմից զանգ ստացած միայնակ մոր բողոքի հետքով

Փաշինյանի կողմից զանգ ստացած միայնակ մոր բողոքի հետքով

379
0

Ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» էջում տեսանյութ էր հրապարակել: Նա պատահականության սկզբունքով զանգահարել էր էլեկտրաէներգիա չունեցող ՀՀ քաղաքացիներին: Նրանցից մեկը՝ Նորագավիթի բնակչուհին, միայնակ մայր, վարչապետին հուզված պատմեց, որ ոչ մի օգնություն չի ստացել, էլեկտրաէներգիայի պարտք ունի, ավելին՝ դժգոհեց հոսանքի հավելագրման մասին: Կնոջ բողոքը հուզել էր «Ֆեյսբուքի» օգտատերերից շատերին:

Araratnews.am-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանին հարցրեց՝ ինչ է պարզել ընկերությունը: «Սույն թվականի մայիսի 2-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ըկներության աշխատանքային խումբն այցելել է ք. Երևան Նորագավիթ 1 փող., 1 նրբ., տուն 17 ՝ վարչապետ Ն.Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում բաժանորդի՝ ծախսի հետ անհամաձայնության փաստերի ուսումնասիրման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ նշված հասցեի էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող առևտրային հաշվիչը 01.09.2019 թվականից ընդգրկված է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հսկման և հաշվառման (ԷԱՀՀ) համակարգում, որի միջոցով էլ կատարվում է բաժանորդի ծախսերի տվյալների ներբեռնումը բաժանորդական բազա: (Այդ համակարգում ընդգրկված բաժանորդների հաշվիչներին որևէ միջամտություն հնարավոր չի կատարել. դրանում ընդգրկված հաշվիչները վերահսկվում են մեկ միասնական կենտրոնից, և որևէ կետում շեղում լինելու դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս): Ստուգվել են տունը սնող էլեկտրական հաղորդալարերը, որոնք ամբողջական էին և տեսանելի, իսկ առևտրային հաշվիչը աշխատում էր բեռին համապատասխան (տանը 150 Վտ հզորությամբ շիկացման լամպի միացման ժամանակ հաշվիչի ցուցատախտակին առկա էր P — 0,150): Նշված տունը գազաֆիկացված չէ, տանը տեղակայված են սառնարան, լվացքի մեքենա, ջեռոց, օդորակիչ, օդատաքացուցիչ և ջրատաքացուցիչ: Նույն օրը բաժանորդի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն՝ բնակարանում տեղադրել ստուգիչ հաշվիչ, իսկ առևտրային հաշվիչը՝ 04.05.2020 թ. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ենթարկել չափագիտական փորձաքննության: 04.05.2020 թ. համեմատվել են ստուգիչ և առևտրային հաշվիչներով գրանցված 24 ժամվա ծախսերը, որոնք համընկել են, որից հետո չափագիտական փորձաքննության ենթարկելու նպատակով, բնակիչ Հայկ Թադևոսյանի մասնակցությամբ առևտրային հաշվիչը ապահավաքակցվել է, սակայն վերջինս հրաժարվել է ներկա գտնվել փորձաքննությանը: Համաձայն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից 04.05.2020 թ. տրված փորձաքննության եզրակացության՝ «հաշվիչը նորմալ է, աշխատում է ճշտության դասում», իսկ եզրակացության մեջ նշված նախորդ ամսվա ծախսերը և ցուցմունքները համապատասխանում են բաժանորդական բազա մուտքագրված տվյալներին: Այնուհետև հաշվիչն արտադրող գործարանում վերծանվել են հաշվիչի ներքին հիշողության տվյալները և համեմատվել բաժանորդական բազա մուտքագրված տվյալների հետ: Արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- ասաց ՀԷՑ-ի խոսնակը:

Փաստորեն, Նորագավիթի բնակչի՝ հավելագրումների հայտարարությունը, ըստ ՀԷՑ-ի, ճիշտ չէ: Որեւէ անհամապատասխանություն ընկերությունը չի հայտնաբերել: