Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որում նա հիշատակել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ալիևի ելույթում փորձ է արվում սուբյեկտիվորեն մեկնաբանելու պատմական իրադարձությունները։
«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և որ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանում թուրքական օկուպացիայի դեմ, որ Գարեգին Նժդեհը հայ-թուրքական պատերազմի ընթացքում բազմաթիվ ռուս սպաների հետ 1918 թվականին ռազմաճակատի շատ կարևոր հատված էր ղեկավարում։ Եվ ես կրկին ուզում եմ շեշտել, որ շատ կարևոր է, որպեսզի մենք գիտենանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Գարեգին Նժդեհը մահացավ Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Սոլժինիցինը Գուլագում էր։ Մենք համարում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-ից 50-ական թվականների ընթացքում, բոլորը ժողովրդի թշնամի՞ էին։ Եթե այդպես է, ապա շատ նշանավոր դեմքեր դատապարտվեցին և իրենց կյանքն ավարտեցին բանտում։ Սակայն դա չի նշանակում, թե այդ ամենը մենք պետք է ընդունենք իբրև փաստ»- ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նշել է, որ տեղին չի համարում, երբ այդպիսի ձևաչափն օգտագործվում է պատմությունը խեղաթյուրելու համար և լարվածություն է մտցվում կարևոր հանդիպման մթնոլորտում։