Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
Արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Լավրովի ու Հասանովի հայտարարություններին՝ վարչապետը մասնավորապես պատասխանեց.
«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել: Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել: Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Եվ գիտեք ինչ՝ և իմ դիրքորոշումները, և ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով դրանք մեր դիրքորոշումներն են: Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն: Եվ աշխարհում պարզ է, որ ուրիշ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումներից: Եվ այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք փորձենք պատասխանել մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք մենք մոտեցնել դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում, և ես այս ամեն ինչի մեջ, որը շատ հայտնի բանակցային բանաձև է, ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի ժողովրդի համար, եթե դա ընդունելի չէ Ղարաբաղի ժողովրդի համար, այդ թվում՝ ԱԺ-ի համար… Եթե նախկինում եղել են իշխանություններ, ովքեր մտածել են, որ իրենք կստորագրեն ու դրանով ինչ-որ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը… Չի կարող լինել լուծում առանց ձեզ՝ խորհրդարանի: Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը տեսականորեն կարող է իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար, քանի դեռ այսպիսի լուծում չի ձևակերպվել, և մենք չենք եկել ասել, որ ժողովուրդ ջան, կարծում ենք, որ այսպիսի լուծում կա, եկեք մի հատ դռնփակ նիստ անենք և ձեր լուծումը առաջարկեք և դուք ասեք գնանք մենք այդ լուծմանը, թե չգնանք: Իսկ մենք այսպիսի լուծմամբ, այսպիսի առաջարկով կգանք միայն այն պարագայում, երբ որ մեր արտաքին գործերի նախարարը և մենք տեսնենք, որ ինչ-որ տարբերակ կա, որը սկզբունքորեն կարող է քննարկելի լինել, ընդունելի լինել: Քանի դեռ մենք չենք եկել դրան՝ մնացածը դիրքորոշումներ են»: