Տեխնոլոգիաների դարաշարջանում, թվում է`մեզ` մարդկությանը, ոչինչ չի կարող հաղթել: Նորագույն տեխնիկական հագեցվածությունը, զարգացվածությունը ամենատարբեր բնագավառներում և տեսանելի հաջողությունները մեզ ստիպել են հավատալ այն միֆին, թե մարդն արդեն ամենազոր է:
Աշխարհում տեղի ունեղող այս խառնաշփոթը գուցե իր բացատրությունը ունի՞: Չգիտեմ, բայց մի պահ վազքուղին լքելու, կանգ առնելու, մտորելու ժամանակը վաղուց էր հասունացել:
Արվեստի բնագավառից օրերս մեկի հետ հարցազրույցի ընթացքում հենց այս մասին էին խոսում: Եվ իսկապես` մարդն ամենակարող չէ, մարդը մահկանացու է ու մարդը պետք է մարդ մնա: Լավագույն կոչումը, լավագույն գնահատականը, լավագույն աստիճանը` մարդ ծնվելով մարդ մնալու մեջ է:
Հա, փակուղի է, մեզ համար անհասկանալի ու անըմբռնելի իրավիճակ: Մենք սովոր ենք ազատության: Բայց առաջ գնացող կյանքը մեզ պետք է ստիպի գնահատել ունեցածը` արժևորելով կյանքը:
Մենք չենք արժևորել ու չէինք էլ արժևորելու: Պատմական մի քանի իրադարձությունների ժամանակ ենք միայն հաշիվ տվել ինքներս մեզ:
Պատերազմ, արտակարգ դրություն, էլի պատերազմ, համաճարակ, էլի արտակարգ դրություն: Մեզ արտակարգ դրություններ պետք չեն, ոչ էլ պատերազմներ: Մենք ամեն օր պետք է գիտակցված ապրենք, այլ ոչ թե հեռուստատեսությամբ հնչեցված զգուշացումներից հետո միայն, թե` ձեռքներդ լվացեք, մաքուր ապրեք: Այ սա է փակուղին:
Մենք բոլորս սիրում ենք բարձրագոչ ճառեր ասել, խրատել սրան-նրան, կյանք սովորեցնել: Բայց հերիք է: Մեկուսացել ենք, որպեսզի պահպանենք բոլորիս առողջությունը: Ուղղակի պետք է ունենալ մեծ պատասխանատվություն, և ամեն ինչ հաղթահարելի կլինի:
Փակուղին վաղ թե ուշ կբացվի, ու մենք կկարողանանք ուրախանալ ամենահասարակ բաներից` միմյանց ձեռքով բարևելուց, գրկելուց, ընկերներով հանաքվելուց, հյուր գնալուց և վերջապես՝ ապրելուց: Կյանքը կգնահատենք կորոնավիրուսից առաջ և հետո:
Առողջ եղեք:
Հայկ Մագոյան