Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Հ.-ի գործի դատական քննությունը:
1982 թվականին ծնված Սերգեյ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Սերգեյ Հ.-ն կալանքի տակ է 2017 թվականի հուլիսի 1-ից:
Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Հ.-ն իր ամուսնալուծության համար մեղադրելով կնոջ քրոջը, նրա ամուսնուն ու նրա ընտանիքին, որոշել է քենակալին՝ քենու ամուսնուն՝ Արտաշես Կ.-ին ծանր վնաս հասցնելով՝ «հաշվեհարդար տեսնել»:
Այդ նպատակով, ըստ մեղադրանքի, 2017 թվականի հունիսի 12-ին Սերգեյ Հ.-ն Գյումրիից ժամանել է Երևան, գնացել է քենակալի տան բակ՝ իր հետ տանելով ապակե տարայով ծծմբական թթու: Նա, ըստ մեղադրանքի, դարանակալել է շենքի մոտ, սպասել է Արտաշեսին: Հունիսի լույս 13-ի կեսգիշերին Սերգեյը շենքի մուտքի դիմաց հանդիպել է Արտաշեսին, պահանջել է հայտնել նախկին կնոջ գտնվելու վայրը, բայց իր համար «ցանկալի պատասխան չստանալով»՝ մոտը եղած ապակե տարայում գտնվող ծծմբական թթուն լցրել է Արտաշեսի դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով գլխի, դեմքի, զույգ ակնագնդերի, պարանոցի, կրծքավանդակի առաջնային ու հետին մակերեսների, ստորին ու վերին վերջույթների շրջանների 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի ընդհանուր մակերեսի 35 %-ի չափով քիմիական այրվածքների ձևով ծանր վնասվածքներ, որոնք ուղեկցվել են ծանր աստիճանի այրվածքային շոկով և այրվածքային հիվանդության զարգացումով: Արտաշես Կ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սերգեյ Հ.-ն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2017 թվականի մայիսի 1-ին վիճել է կնոջ հետ, վերջինս նեղացել ու հաջորդ օրը մեկնել է Երևան՝ հայրական տուն:
Մայիսի 6-ին ինքը գնացել է կնոջը տեսնելու՝ նրան վերադարձնելու նպատակով, բայց տան դուռը չեն բացել:
Այդ օրից սկսած՝ ինքը բազմիցս գնացել է կնոջ հայրական տան մոտ, թակել է դուռը, բայց չեն բացել, հարևանն էլ իրեն տեսնելով՝ ասել է, թե նրանք տանը չեն:
Ինքը բազմիցս զանգել է քենակալ Արտաշեսին, նրա որդուն, փորձել է նրանցից ճշտել իր կնոջ գտնվելու վայրը, բայց նրանք պատասխանում էին, թե տեղեկություն չունեն:
Ինքը զգացել է, որ նրանք ստում են, չեն ուզում, որ ինքը «միանա իր կնոջ հետ», ցանկանում են իրենց «բաժանել»:
Քենուն զանգել է, թե չէ՝ Սերգեյը չի մտաբերել: Պնդել է, թե սպառնալիքներով հաղորդագրություններ չի գրել, դրանք գրել չգիտի…
Ըստ ամբաստանյալի՝ Արտաշեսն ի վերջո արգելափակել է իր հեռախոսահամարը, ինքը նրան այլևս չի կարողացել զանգել, իսկ նրա որդին պահանջել է, որ ինքը այլևս չզանգի ու գործ չունենա մորաքրոջ հետ:
Իրեն զանգել է ոստիկանության՝ տվյալ թաղի տեսուչը, հարցեր է տվել Արտաշեսի ընտանիքին անհանգստացնելու վերաբերյալ: Ինքը պատասխանել է, որ նրանց որևէ անհանգստություն չի պատճառել, ընդամենը ցանկացել է իմանալ իր կնոջ տեղը:
Հունիսի 12-ին, ժամը 18-ն անց 30-19-ն անց 30-ի սահմաններում իր մեքենայով նորից Գյումրիից եկել է Երևան՝ կնոջը տեսնելու և հետը խոսելու նպատակով: Երևան հասնելիս իր մեքենան փչացել է, ինքը մեքենան թողել է ծանոթի բակում, վերջինիս խնդրել է իրեն տանել Էրեբունի: Ծանոթն իրեն տարել, իջեցրել ու հեռացել է, իսկ ինքը մոտ երկու ժամ շրջել է խանութներում: Ժամը 20-ն անց 40-21-ն անց 30-ի սահմաններում ոտքով հասել է կնոջ հայրական տան մոտ: Այնտեղ հանդիպել է Արտաշեսին ու վերջինիս երկու որդիներին: Արտաշեսի հետ գնացել են շենքի հետնամասում գտնվող խաղադաշտ, նստարանին նստած՝ զրուցել են մինչև կեսգիշեր: Արտաշեսի որդին էլ էր այնտեղ: Ինքը Արտաշեսին խնդրել է օգնել ու հայտնել կնոջ տեղը: Արտաշեսն ասել է, թե վերջինս իրենց տանը չի բնակվում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: