Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան ոչ մի լուրջ փոփոխություն չի բերի հայ-թուրքական հարաբերություններում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանը:
«Հայտնի է բոլորիս Դավութօղլույի վերջին տարիներին վարած հակահայկական քաղաքականությունը: Դավութօղլուն հայտնի է որպես հակահայ գործիչ եւ իր այցով ոչինչ չի փոխվի հայ-թուրքական հարաբերություններում: Ոչ մի լուրջ ակնկալիք չունենք: Ինչ վերաբերում է արձանագրություններին, դրանք արդեն անդրաշխարհում են: Երբ, որ ստորագրվեցին այդ արձանագրությունները «ֆուտբոլային դիվանագիտություն» ձեւակերպման մեջ, այդ ժամանակ որոշ երկրներ քննարկում էին Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Եվ շատերը հետ կանգնեցին՝ մտածելով, որ Թուրքիան ու Հայաստանը բանակցում են այդ հարցի շուրջ եւ կգան փոխհամաձայնության, ու մեծ հաշվով տապալվեց ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչումը այդ նույն արձանագրությունների պատճառով»,- ասում է Արթուր Ղահրամանյանը:
ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Նարեկ Գալստյանը նշում է, որ իրենց համար առավել ցավալի է, որ Դավութօղլուին Հայաստան հրավիրվել է Հայաստանի կողմից, քանի որ Դավութօղլուն է կանգնած «տխրահռչակ» հայ-թուրքական արձանագրությունների հետեւում։
«Ահմետ Դավութօղլուն ոչ միայն ներկայացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այլեւ հակահայկականությամբ զբաղվող ամբողջ աշխարհում գործող թուրքական լոբբին։ Վերջին շրջանում բավական ակտիվացել է հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման մասին լուրերը և այս առումով Հնչակյան կուսակցության համար զգուշավորությամբ լի է նրա այցը»,- նշեց Գալստյանը:
Դեկտեմբերի 12-ն հնարավոր է ՍԴՀԿ-ի կողմից անցկացվեն նաեւ բողոքի ցույցեր Դավութօղլուի այցին դեմ:
Լիլիթ Առաքելյան