Ժողովուրդը շատ լավ խոսք ունի` առանց ծուխ կրակ չի լինում: Իսկ մենք էլի նոր իրողությունների Հայաստանում ենք ապրում: Գուցե այս փոփոխությունները շատերի համար սպասելի էին, ընդդիմադիրների համար` շոկային, նախկինների համար էլ վտանգավոր, բայց փաստ է, որ նոր նշանակումները ունեն հստակ գնահատականներ, որոնք այդուհանդերձ կանխատեսելի էին. պետական շահը առաջնային պետք է լինի անձնականից, հատկապես, երբ հարցը ազգային անվտանգության, ռազմական կարգապահության և հասարակության իրավական անվտանգության մասին է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում, ոստիկանությունում և պաշտպանության նախարարությունում հստակ ձևակեպումներով ու գնահատականներով փարատեց ընդդիմադիրների և նախկինների կասկածները: Այն է`ցանկացած վրիպում այլևս չի ներվելու:
«Կան մարդիկ, որոնք գործում են երկրի շահերին հակառակ, երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը կարևոր է ցանկացած կառույցի համար»,-ասաց վարչապետը ԱԱԾ նորանշանակ պետին ներկայացնելու ժամանակ: Եվ այս խոսքերն ունեին հստակ ենթատեքստ:
Մատնանշելով համակարգում խնդիրների և դրանց լուծման, բացթողումների և մարտահրավերներին դիմակայելու հրատապությունը՝ կառավարության ղեկավարը նկատեց, որ տեղեկատվական, քաղաքական, կոռուպցիայի դեմ պայքարի և քննության որակի բարձրացման բարելավման վրա է դրված լինելու կատարված աշխատանքը. «Պետք է արձանագրել, որ մարտահրավերներին դիմագրավելու, աշխատանքի որակը լավացնելու կարիք կա: ԱԱԾ-ը պետք է կարողանա էֆեկտիվ դիմագրավել մարտահրավերներին, որոնք ունենում ենք անվտանգության ոլորտում: ԱԱԾ-ում պետք է լինեն հստակ առաջխաղացման սկզբունքներ: Հիմքում պետք է լինի նվիրվածությունը, աշխատանքը»,- ասել էր վարչապետը:
Ոստիկանության նոր պետի նշանակումն էլ, բնականաբար, ենթադրում է անվտանգություն, բարեփոխումներ, նոր գործելաոճ, ձերբակալություններ, բացահայտումներ:
Ոստիկանության ծանրաբեռնվածությունն այս օրերին ինչ խոսք՝ շատ է: Եվ ոստիկանության նոր պետի նշանակումը, նախևառաջ, նոր լիցք պետք է բերի համակարգին:
Բոլորս էլ գիտենք, որ ոստիկանի կերպարը հասարակության մեջ տարբեր կերպ է ընկալվում: Եվ այդ տարակարծությունն էլ, թերևս, արտացոլում է համակարգում առկա բացերն ու անելիքները: Ինչպես նկատում է վարչապետը՝ ոստիկանական աշխատակիցը, ոստիկանական համազգեստը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն, բայց միևնույն ժամանակ ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս, ՀՀ քաղաքացին իրեն պետք է զգա պաշտպանված, և առաջիկայում համավարակի հաղթահարման գործում էական է լինելու հատկապես ոստիկանության աշխատանքի որակը:
Թերևս այս խոսքերում պետք է գտնենք քննադատությունն ու առաջիկա անելիքների տեսլականը: Երբ հասարակությունը կսկսի ոստիկանին ընդունել հարազատորեն, այդ օրն էլ վարչապետի դիտարկումները իրականություն կդառնան: Հետևապես՝ ոստիկանությունը դեռ շատ անելիքներ ունի:
Ինչպես գիտենք երկրի անվտանգության երաշխիքներից մեկն էլ հզոր ու մարտունակ բանակ ունենալն է, ինչը հնարավոր է կիրթ, գրագետ, պատրաստված, զինվորական առաջխաղացման բոլոր օղակներով անցած ղեկավարի դեպքում:
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի կենսագրությունը վերը նշվածի շարքից է:
Զինված ուժերում գլխավոր շտաբի պետի նշանակումը բարձր գնահատականի արժանացրեց նաև լեգենդար Կոմանդոսը`Արկադի Տեր-Թադևոսյանը: Վերջինս հատկապես ընդգծեց Օնիկ Գասպարյանի մասնակցությունը Արցախյան ազատամարտին, հավելելով՝ նրա մարտական ուղին ցույց է տալիս, որ արժանի է այդ պաշտոնին:
Վարչապետն էլ ՊՆ-ում նորանշանակ ԳՇ պետին ներկայացնելիս վստահություն հայտնեց, որ նոր նշանակմամբ խնդիրների լուծման որակը էլ ավելի կբարելավվի: Եվ քանի որ բանակը մեր անվտանգության պահպանման ողնաշարն է, այստեղ խնդիրների լուծումը առաջնահերթությունների շարքից է:
Իսկ մեզ մնում է սպասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան երկրում` նշանակումներով պայմանավորված:
Հայկ Մագոյան