Համաշխարհային բանկի վերջին հետազոտություններից մեկի համաձայն՝ սպասվում է, որ այս տարի արտասահմանից Հայաստան կփոխանցվեն 2.4 մլրդ դոլարի տրանսֆերտներ: Այն կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 21.4%-ը:
Հայաստանի մասին տվյալը վերցված է մեր երկրի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից և Կենտրոնական բանկի աշխատակիցների գնահատականներից: ՀՆԱ նկատմամբ այդ փոխանցվող գումարների բացարձակ թվով Հայաստանը տարածաշրջանում չորրորդն է, իսկ աշխարհում՝ 6-րդը: Տարածաշրջանում Հայաստանից շատ տրանսֆերտներ ստանում են Տաջիկստանը (ՀՆԱ 48.1%-ը), Ղրղզստանը (31.4%) և Մոլդովան (24.1%): Իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով Հայաստանից շատ տրանսֆերտներ ստացող երկրների ցանկում են նաև Նեպալն ու Լեսոտոն (25-ական տոկոս):
«Տաջիկստանը ամենաշատն է կախված նրանից, թե որքան գումար են տուն ուղարկում միգրանտները, քան թե աշխարհի որևէ այլ երկիր: Գնահատված է, որ աշխատանքային տարիքի տղամարդկանց կեսը դրսում են, հիմնականում՝ Ռուսաստանում: Ղազախստանի կախվածությունը տրանսֆերտներից ևս շատ մեծ է: Այս երկրները աշխատատեղերի կարիք ունեն, իսկ Ռուսաստանը՝ էժան աշխատուժի»,- ասվում է այդ զեկույցում:
Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ այդ երկիր այս տարի շուրջ 11.4 մլն արտասահմանցի է մտել, որոնցից 3 մլնը՝ անօրինական: «Չնայած նրան, որ Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների միջև կա ազատ վիզայի պայմանագիր, Կենտրոնական Ասիայի շատ միգրանտներ ոստիկանության կողմից բերման ենթարկվելու վտանգի տակ են»,- ասվում է զեկույցում:
Հայկ Մանուկյան