Դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելելու մասին տեղեկատվությունը քաղաքագետներին թույլ է տալիս խոսել հայ-ռուսական ներկա հարաբերությունների եւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասին:
Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Araratnews-ի հետ զրույցում նշում է, որ Պուտինի` Հայաստան այցելելու մասին տեղեկատվությունը դեռեւս պաշտոնական հայտարարություն չէ:
«Բայց լիովին տրամաբանական է, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա Վիլնուսյան գագաթնաժողովից հետո: Երբ որ տեղի ունենա Վիլնյուսյան հանդիպումը, եւ կախված նրանից, թե ինչպես այն կկայանա, որոշ ձեւաչափեր ի հայտ կգան հայ-ռուսական հարաբերություններում, որոնք կունենան որոշակի նոր բան»,- ասում է Իսկանդարյանը:
Նա հավելում է, որ Մաքսային միությունը բավական լուրջ փաստաթղթային փոխանակում է, որը տարիներով պատրաստվում էր Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ:
«Ուղղակի վերցնել եւ այդ ամենը ստորագրել՝ անհնար է, դա որոշակի ընթացք է, որի արդյունքում կորոշակիանա մասնակցությունը կամ չմասնակցությունը, անդամակցումը կամ չանդամակցումը այդ ձեւաչափին: Այժմ գործընթացները շարունակվում են: Սա ճանապարհ է, որը Հայաստանը պետք է անցնի, որը պետք է շարունակի քննարկել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ձեւաչափում»,- ասում է Իսկանդարյանը:
Մյուս կողմից, քաղաքագետը վստահ չէ, որ Հայաստանը վերջիվերջո կդառնա Մաքսային միության անդամ, եւ վստահ չէ, որ Մաքսային միությունը գոյություն կունենա 4 կամ 5 տարի հետո:
«Ես բացարձակապես վստահ չեմ, որ եթե Հայաստանը վերջիվերոջ լինի Մաքսային միության անդամ ձեւական իմաստով, ապա կլինի այն եւ փաստացի: Դա քաղաքական որոշում էր, իսկ այն, ինչով զբաղվում են ռուսական եւ հայկական կողմերը հիմա, գործընթաց է՝ փորձելու համար հասկանալ, թե որտեղ ենք մենք գտնվում, ինչ է կատարվում եւ ուր ենք գնալու»,- ասում է Իսկանդարյանը:
Լիլիթ Առաքելյան