Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հոկտմեբրի 20-ին տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահետքաբանական փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզ լինի տուժող կողմի ավտոմեքենային կողային հայելիներ եղել են, թե՞ ոչ: Այս մասին Araratnews.am-ին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
«Հայելիները եղել են, թե՞ չեն եղել, վթարից են պոկվել, թե՞ այլն, ահա այդ նպատակով է անցկացվել փորձաքննությունը: Հիմա իրենք ասում են, որ եղել է, ես էլ չեմ ասում եղել է, թե՞ չի եղել, ես ասում եմ թող փորձագետները պարզեն: Արդեն մեքենան հետազոտվել է, փորձաքննությունն ավարտվել է, բայց եզրակացությունը դեռևս չկա: Նիկոլայ Բաղդասարյանն էլ (Վարդան Պետրոսյանի փաստաբանը) դրան չի մասնակցել, ոչ մեկն էլ չի մասնակցել իր բոլոր փաստաբաններից: Քննիչը հրավիրել է, բայց չեն եկել, իմ ներկայությամբ է դա տեղի ունեցել»,-ասում է Բալոյանը:
Նա նշում է, որ նախապես գրավոր հայտ է ներկայացվել Վարդան Պետրոսյանի իրավապաշտպաններին, որ ներկա գտնվեն փորձաքննությանը, բայց չեն եկել:
«Որպեսզի հետագայում շահարկեն, ասեն առանց մեզ է փորձաքննություն կատարվել: Ես այդպես եմ դա հասկանում, և այն մարդը, ով ունի 3, 4 պաշտպան, եթե Նիկոլայ Բաղդասարյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, այդ դեպքում գոնե մի պաշտպանը չգա՞ ներկա գտնվի»,-ասաց Բալոյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ավտովթարից տուժած ընտանիքը և անձամբ ինքըˋ Ռուբեն Բալոյանը ստացե՞լ են հակառակ կողմից ավտովթարի 3D մոդելավորված տարբերակը, նա պատասխանեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշել էր, որ ավտովթարի 3D մոդելավորված տարբերակն արդեն պատրաստ է և իրենք փոխանցել են նաև տուժած ընտանիքի անդամներին, որպեսզի դիտեն: Մինչդեռ Ռուբեն Բալոյանը հակադարձում է այդ տեղեկատվությանը:
«Ճիշտ չէ, մեզ 3D մոդելավորված տարբերակը չեն փոխանցել, ոչ ինձ, ոչ ընտանիքի անդամներին»,-ասաց Բալոյանը:
Լիլիթ Առաքելյան