տուն Քաղաքական Վերլուծական Տոնի և տխրության արանքում

Տոնի և տխրության արանքում

222
0

01010101

Այսօր «Էրեբունի-Երևան» տոնական օրն է: Ներկայումս շատ քիչ տոնական օրեր  կան, որոնք բացի  ոչ աշխատանքային լինելուց նաև որոշակի ժողովրդականություն են վայելում: Այդպիսի օրերից է նաև Երևանի օրը:  Հայաստանյան իրականության գորշ առօրյան այստեղ ևս թողել է իր անջնջելի հետքը: Մինչ այս բավական տխուր նոտաներով անցավ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության օրվա տոնակատարությունը, որը փոքր-ինչ վերապահումով, կարելի է այդպիսին համարել` կապված Նունե Եսայանի մինուճար համերգի և դրան հատկացված 54 միլիոն դրամի հետ: Մոտավորապես նման երկակի զգացողություններ է առաջացնում նաև Էրեբունի-Երևանին նվիրված տոնակատարությունը: Ինչպես արդեն գիտենք, տոնական արարողությունների կազմակերպման համար հատկացվել է 200 միլիոն դրամ: Իհարկե, այս փաստը տարակարծությունների տեղիք  չէր տա, եթե Երևանում, և ընդհանրապես ամբողջ հանրապետությունում, տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական ու բարոյական մթնոլորտը այլ հարթությունում լիներ: Սակայն քաղաքացիների սոցիալապես անապահով կարգավիճակը, արտագաղթը, աղքատությունը և բազմաթիվ այլ հիմնախնդիրները հնարավորություն չեն տալիս, որպեսզի որևէ տոնական օր ստվերում չհայտնվի: Ընդհանրապես, վերջին տարիներին համապետական ու տեղական նշանակության տոնակատարությունները ավելի ու ավելի ցուցամոլական բնույթ են կրում՝ դրանով փորձելով խլացնել դժգոհության ու բողոքի ձայները, ինչպես նաև որոշակի բարեկեցության տպավորություն ստեղծել: Գաղտնիք չէ նաև, որ այդ միջոցառումների իրականացման համար հատկացված գումարներից որոշակի մասնիկներ մտնում են որոշակի մարդկանց գրպանները:

Ինչևէ, կարծում ենք՝  և՛ այսօրվա տոնակատարությունը, և՛ մյուս նմանատիպ միջոցառումները կարելի էր կազմակերպել առավել համեստ միջոցներով: Դրա փոխարեն իրականացնել որևէ տարածքի իրական կանաչապատում, որևէ երթուղային գծի թարմացում (ընդ որում շեշտենք, որ Երևանը տրանսպորտային ցանցի առումով սկսում է մոտենալ  Մերձավոր Արևելյան մի շարք թերզարգացած երկրների մակարդակին), մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած «հազար ծակ կար փակելու»:  Սրան զուգահեռ կարծում ենք,  Հայաստանում և Երևանում դեռևս կան մշակութային գործիչներ, որոնք առանց շահադիտական նպատակների կցանկանային մասնակցել մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Համենայնդեպս  հուսով ենք, որ առկա պալատական մտավորականների գորշ միջավայրում, դեռևս կան մարդիկ, ովքեր չեն կորցրել իրենց սկզբունքայնությունը և իրենց սերը` երկրի ու պետականության նկատմամբ, չեն նույնացրել դեպի չինովնիկների թևերի տակ տաքուկ անկյունների նկատմամբ սիրո հետ: Սակայն, ցավոք սրտի, ինչպես հայաստանյան իշխանությունները, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը, առավելապես շեշտը դրել է ցուցադրական, կեղծ տոնականության տպավորության ստեղծման վրա, առկա իրավիճակի ֆոնին կարող է հարուցել միմիայն քաղաքացիների դժգոհությունը:

Այնուամենայնիվ, չցանկանալով նման տխուր նոտայով ավարտել, մաղթենք մեր Երևանին ու երևանցիներիս, որպեսզի մեր մայրաքաղաքի օրվա տոնակատարությանը հատկացված գումարները բազմապատկվեն, սակայն, երևանցիներն այնքան խնդիրներ չունենան, որ երբեք հարցեր չառաջան՝ ինչու այդքան գումար այսքան սուղ պայմաններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here