Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է կորոնավիրուսի հետ ապրենք կողք կողքի դեռևս տևական ժամանակ: Կյանքը շարունակվում է և հետզհետե, քայլառքայլ բոլորս էլ վերադառնալու ենք մեր աշխատանքին, որպեսզի կարողանանք ապրել և, պահպանելով կանոնները, հաղթենք անտեսանելի թշնամուն` վիրուսին:
Բնականաբար, առաջիկայում կհայտարարվի և կհանվեն մի շարք տնտեսվարողների գործունեությունը սահմանափակող դրույթները ևս:
Իրենց աշխատանքային ռիթմին սպասում են մոլերը, հագուստի և տեխնիկայի խանութները, մի շարք արտադրամասեր, սրճարաններ, տպարաններ և այլն:
Բոլորս էլ գիտակցում ենք, որ արտակարգ ռեժիմով պայմանավորված հարկադիր պարապուրդը մի շարք խնդիրների առաջացրեց նշված տնտեսվարողների համար: Աշխատանքների վերսկսումը որոշակի ժամանակային ռեսուրս կպահանջի, որպեսզի տնտեսվարողները կարողանան անցնել բնականոն ռեժիմով աշխատանքի:
Հիմա օրինակներով կներկայացնենք, թե ինչ պրոֆիլակտիկ աշխատանքների մասին է խոսքը:
Առաջին կետը բոլոր ոլորտների մասով աշխատակիցներին տեղեկացնելն ու համապատասխան գրաֆիկների սահմանումն է, ինչպես նաև նախքան աշխատանքի բուն ընթացքին անցնելը հրահանգավորելը:
Մոլերն ու մեծ հանրախանութները որպեսզի սկսեն իրենց գործունեությունը, անհրաժեշտ է նախապես մաքրել տաղավարները, ապրանքնատեսականին բերել վաճառքի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին համապատասխանության, ստուգել տեխնիկական ապարատների սարքինությունը:
Հագուստի վաճառքով զբաղվող տնտեսվարողներն էլ վերը նշված գործառույթներն իրականացնելուց զատ պետք է սեզոնային փոփոխությունների անցնեն:
Արտադրական տնտեսության ներկայացուցիչներն էլ պետք է ստուգեն արտադրական մեխանիզմները, տեխնիկան, հոսանքի, գազի առկայությունը, արտադրական աշխատանքներից բխող այլ անհրաժեշ գործիքների առկայության ապահովումը:
Որպեսզի տնտեսվարողները ևս մեկ շաբաթ էլ ժամանակ չկորցնեն և կարողանան անցնել արդյունավետ աշխատանքի, պետք է գործատուն նախապես իմանա, թե երբ պիտի սկսի իր աշխատանքը:
Հաշվի առվելով այս ամենը, ինչպես նաև երկրում տնտեսական վիճակը և հասարակության օր առաջ աշխատելու պատրաստակամությունը` կոչ ենք անում կառավարությանը նշված տնտեսվարողներին զերծ պահել ավելորդ խնդիրներից և նախապես տեղեկացնել սահմանափակումների մասին փոփոխությունները, որպեսզի հնարավոր ժամկետներում երկրում վերսկսվի աշխատանքային մեխանիզմը՝ երկրի համար ապահովելով արդյունավետություն:
Հայկ Մագոյան