Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն
ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են ստորև ներկայացված հիմնական կանոններով:
1. Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովվում է ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
2. Ապահովվում է դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Դիմակները փոխել 3-4 ժամը մեկ:
3. Ապահովվում է յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ջրի ծորակի առկայություն:
4. Ապահովվում են փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի
աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ
գրանցամատյանում:
6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ անհրաժեշտ է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
7. Ախտահանման համար կիրառվում են քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
8. Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 1.5 մետր
հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության
ցուցումների): Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը
հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում, պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին
համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո
աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:
9. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար պետք է ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:
10. Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։
11. Հարգելի են համարվում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում, պետք է անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատողի մեկուսացումը։
12. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին
տեղեկատվություն ստանալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ առանձնացնել այն
անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ
առողջապահության նախարարությանը։
13. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում պետք է
զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության
դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
14. Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:
15. Աշխատակիցներին անհրաժեշտ է իրազեկել անվտանգ վարվելականոնների և
սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ, այդ թվում՝
տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի: