Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակեց այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.4%: Ամենաշատն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7.8% և գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 5.9%: Առևտուրն ու ծառայություններն աճել են համապատասխանաբար 1.8%-ով և 2.8%-ով, շինարարությունը շարունակում է անկում ապրել (նվազել է 8.8%-ով):
Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի հիման վրա հաշվարկվում է տնտեսական աճը (համախառն ներքին արդյունքի աճը): Այս տարվա բյուջեով նախատեսված էր 6.2%-ի չափով, սակայն եկող տարվա բյուջեում կառավարությունն արդեն այս տարվա սպասվողը դարձրեց 4.1%: Նշենք նաև, որ առանձին վերցված հոկտեմբեր ամսվա ՏԱՑ-ը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, համեմատաբար բարձր է եղել՝ 4.8%, և եթե նոյեմբերի ու դեկտեմբերի ցուցանիշներն էլ նման՝ համեմատաբար բարձր ցուցանիշներ լինեն, հնարավոր կլինի տարեկան կտրվածքով ՀՆԱ 4%-ին մոտ աճ ցույց տալ: