«Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է այս տարվա տնտեսական ազատության ցուցիչը, ըստ որի
անցյալ տարվա համեմատ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0.5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով http://www.heritage.org/index/pdf/2014/countries/armenia.pdf: Արդյունքում անցած տարվա 38-րդ հորիզոնականի փոխարեն (177 երկրների ցանկում) այս տարի Հայաստանի տնտեսությունն զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը (178 երկրների շարքում)՝ 68,9 միավորով:
Հայաստանը «չափավոր ազատների» ցանկում է, ընդ որում Եվրոպական տարածաշրջանի 43 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցրել է 18-րդ տեղը: «Ցուցիչի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26,7 կետով է բարելավել տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանն առաջխաղացում է ապրել 20 տարի առաջ եղած տնտեսական ճնշվածությունից մինչև այսօրվա տնտեսապես «չափավոր ազատ» պետության՝ գրանցելով ցուցանիշների բարելավում տնտեսական 10 ազատություններից ութի մեջ, այս թվում՝ «ֆիսկալային ազատություն», «պետական ֆինանսական միջոցների կառավարում», «առևտրի ազատություն» և «ֆինանսական ազատություն» ցուցանիշներում: Տնտեսական ազատության ընդհանուր առաջխաղացման շնորհիվ տնտեսական հիմքի դիվերսիֆիկացումը բարելավել է Հայաստանի տնտեսական դինամիզմն ու նվազեցրել աղքատությունը», — նշված է զեկույցում:
Զեկույցի տվյալների համաձայն Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 30 միավոր, «ազատություն կոռուպցիայից»՝ 26,7 միավոր, «ֆիսկալային ազատությունը»՝ 86,5 միավոր, «պետական ծախսերը»՝ 81,3 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 83,1 միավոր, «աշխատանքի ազատությունը»՝ 78,5 միավոր, «դրամական ազատությունը»՝ 77,0 միավոր, «առևտրի ազատությունը»՝ 85,5 միավոր, «ներդրումային ազատությունը»՝ 70,0 միավոր, «ֆինանսական ազատությունը»’ 70,0 միավոր:
«Դեռևս մնում են զգալի դժվարություններ, մասնավորապես տնտեսական ազատության հիմքը հզորացնելու համար կարևորագույն նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ և համակարգային խորը բարեփոխումների իրականացման հարցում: Ինչպես գույքային իրավունքները, այնպես էլ ազատությունը կոռուպցիայից միջազգային չափանիշներից զգալիորեն ցածր են մնում, թույլ է մնում նաև իրավական բազան», — ասված է զեկույցում: