«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։
Պարզելու համար, թե ԵՊՀ Տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետում ինչ առաջարկներ են եղել ընդունելության համար մեկ առարկայի ընտրության հետ կապված, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ Տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանի հետ:
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը AraratNews.am-ի թղթակցի այն հարցին, թե որ առարկան է առաջարկվել ֆակուլտետի կողմից, պատասխանեց, որ, սովորաբար, ֆակուլտետ ընդունվելիս դիմորդները երեք առարկաներից են քննություն հանձնում. մաթեմատիկա, հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու:
«Մենք քննարկել ենք մեր գործընկերների հետ՝ Գիտական խորհրդում: Մենք, համենայն դեպս, առաջարկություն ենք արել, որ մեր ֆակուլտետում ընդունելության քննությունը լինի մաթեմատիկան»,- ասաց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը:
Նշենք, որ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ունի բակալավրիատի երեք բաժին. Տնտեսագիտություն, Ֆինանսներ, Կառավարում:
Օլյա Շահինյան