Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակցիներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին եւ ուղեկցեցին լսարաններ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջեց համալսարանում, շնորհավորեց առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: «Բարի գալուստ տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց, եւ ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլեւ գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաեւ ուսանողական գիտական ընկերության նոր ձեւաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների եւ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշեց Դիանա Գալոյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան բազմաթիվ ուսանողներ հավաքվել էին համալսարանի դիմաց եւ պահանջում էին նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանին վերադարձնել իր պաշտոնին: Ուսանողները դասադուլ են հայտարարել եւ բողոքի երթ անցկացրել Երեւանի փողոցներում: