տուն Լուրեր Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք. Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք. Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

97
0

old-azg_jox_232687978

Այսօր Ազգային Ժողովում 67 կողմ ձայների քվեարկությամբ ընդունվեց Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագիծը:

Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը:

Քվեարկությունից հետո ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց.

«Մենք խնդրում և պահանջում ենք հարգել օրենքը, պաշտպանել օրենքը: Քվեարկությունից հետո պահանջում եմ պահել պատկերը, դա պետք է արձանագրել, պահել, ֆիքսել: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, տղամարդկությունը այն է, որ ամեն մեկը իր գործն անի: Այս մեթոդներով մենք հեռու չենք գնալու իրար հետ։ Ես խնդրում եմ, պարո´ն Սահակյան, հարգելի պատգամավորնե´ր, եղե´ք օրենքի սահմաններում, ՀՀ օրենքի սահմաններում»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես խոսեց վարման կարգի վերաբերյալ, ասելով, որ ՀՀԿ և անկախ պատգամավորների թիվը դահլիճում եղել է 64:

«ԱԺ հարգարժան նախագահ, չի կարող կուտակային կենսաթոշակների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվել,  տեղի է ունեցել կանոնակարգի խախտում»,-ասաց Մինասյանը:

Ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն ասաց, որ քվեարկության ցուցանակը բացեն, որպեսզի ոչ մեկը չզրպարտի իրեն:

«Իսկ եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, ապա տղամարդկությունը ապացուցելու ուրիշ տեղեր կան»,-ասաց Մելիքյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ դահլիճում փորձում են շանտաժ անել ու ավանտյուրայով հանրությանը շփոթության մեջ դնել:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց խմբակցություններում հարցը քննարկելու և նիստը շարունակելու համար: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդմիջում չտրամադրեցˋ շարունակելով քվեարկության դնել օրակարգի մյուս հարցերը: Այդ ամենից հետո ընդդիմադիր պատգամավորների զգալի մասը լքեց դահլիճը: