Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայում բանտում գտնվող Յուլիա Տիմոշենկոն նամակ է հղել ընդդիմադիրներին՝ կոչ անելով նրանց բանակցություններ չվարել իշխանությունների հետ։ Այս մասին հաղորդում է «Բատկովշչինա» կուսակցության պաշտոնական կայքը։
«Այժմ յուրաքանչյուր սպանված կամ խեղված մարդու համար Յանուկովիչը անձամբ բարոյական պատասխանատվություն է կրում, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև քրեական։ Մարդկանց սպանություններին հանգեցրել է ոչ միայն Յանուկովիչի անբարո հավակնությունները, այլ նաև բռնատիրության հետ անպտուղ բանակցությունները, որոնք չեն եղել և չեն կարող արդյունավետ լինել և որոնց չեն հավատում մարդկանցից շատերը։ Բանակցային գործընթացում Յանուկովիչը երբեք ժողովրդավար չի դառնա, այլ միայն ժամանակ կշահի, որպեսզի ամրապնդվի, իսկ ապա ուկրաինացիների ավելի շատ արյուն թափվի»,- գրել է Տիմոշենկոն։
Նա նշել է, որ եթե հիմա ընդդիմությունը նահանջի, ապա պատերազմը սկսելու է 2015 թվականին՝ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ թույլ տրված կեղծիքներից հետո, իսկ այն ժամանակ իշխանությունն ավելի կոշտ է լինելու։ Ըստ Տիմոշենկոյի, ներկայում անհրաժեշտ է ձևավորել պատվիրակություն, որը ելքը կգտնի եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններում։ Նա նաև կոչ է արել գտնել հնարավորություններ՝ Յանուկովիչի դեմ հայցն ուղարկելու Հաագայի միջազգային քրեական դատարան։