ԵՄ գերագույն ներկայացուցիչը շնորհավորել է Յուլիա Տիմոշենկոյին՝ ազատ արձակման կապակցությամբ։
«Բատկովշինա» կուսակցության նախագահ Տիմոշենկոն ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնության եւ Ուկրաինայի նոր կառավարության ստեղծման հարցը։
Հանդիպումը կայացել է այսօր՝ փետրվարի 25-ին՝ Կիեւում։
Կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։
«Յուլյա Տիմոշենկոն եւ Քեթրին Էշթոնը շոշափեցին նոր կառավարություն կազմավորելու թեման եւ նշեցին, որ իրենց կարծիքով, այդպիսի կառավարությունում պետք է լինեն նաեւ Մայդանի ներկայացուցիչներ եւ արհեստավարժ մասնագետներ, որոնք առավելագույնը կնպաստեն ծայրահեղ պայմաններում արդյունավետ աշխատանքին»,- տեղեկացնում է Տիմոշենկոյի կուսակցությունը՝ հիմնվելով հանդիպման արդյունքների վրա։