տուն Տնտեսական Տիգրան Սարգսյանի հակասական ելույթը

Տիգրան Սարգսյանի հակասական ելույթը

215
0

Տիգրան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ տնտեսական համաժողովում մի այնպիսի ելույթ ունեցավ, որում ավելի շատ ասում էր՝ ինչու պետք էր ԵՄ հետ Ասոցացման գնալ, ոչ թե մտնել Մաքսային միություն (ՄՄ): Օրինակ, նա ասաց, թե ՄՄ-ից մեր տնտեսվարող սուբյեկտները կշահեն, քանի որ «անխոչընդոտ մուտք են գործելու սպառողական մեծ շուկա»: Այս տեսակետից՝ 12.5 տրիլիոն դոլար տարեկան ՀՆԱ-ով ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկան շատ ավելի մեծ էր ու գրավիչ, քան թե 2 տրիլիոն դոլար տարեկան ՀՆԱ-ով ՄՄ-ի 170 միլիոնանոց շուկան: «Երրորդը՝ շուկայական պայմանների էական բարելավումն է: Այդ գործոնն առնչվում է նաև չորրորդ գործոնի՝ տեխնիկական խոչընդոտների վերացման հետ, քանի որ մենք ձևավորում ենք միասնական տեխնիկական կանոնակարգման դաշտ, և դա նշանակում է, որ մեր ազգային ռեժիմներով արտադրված ապրանքներն ու ծառայություններն առանց որևէ լրացուցիչ պայմանների կարող են արտահանվել ՄՄ տարածք»,- ասաց վարչապետը: Պարզ է, որ միասնական տեխնիկական կանոնակարգման դաշտ ԵՄ-ի հետ ձևավորելն անհամեմատ գերադասելի է ՄՄ-ի սովետական կանոնակարգերից:

Կամ՝ որպես ՄՄ մյուս առավելություն վարչապետը նշեց ռուսական ներդրումների հնարավորությունը մեր տնտեսությունում: «Խոսքը «Ռոսնեֆտ»-ի նոր ծրագրի մասին է, որը ենթադրում է Հայաստանում առնվազն 400 մլն դոլարի ներդրում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ներդրումներ կարող են լինել նաև ՀՀ ենթակառուցվածքներում: ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեպքում, սակայն, այս ներդրումները ներգրավելու հնարավորությունները շատ ավելին էին, քան ՄՄ դեպքում, քանի որ նույն ՄՄ երկրներն իրենք են ներդրումներ փորձում ներգրավել ԵՄ-ից ու ԱՄՆ-ից: