Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի շուրջ աղմուկը հրահրված էր որոշ ուժերի կողմից՝ ինչ-որ պրոցեսներ բորբոքելու համար, սակայն այդ ամենը թույլ չի տրվելու եւ կանխվելու է:
Անդրադառնալով Կապանի ոստիկանության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիային եւ հակահեղափոխությունը Սյունիքից սկսելու կոչերին՝ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնունդով սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը եւ վստահեցրեց.
«Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու»:
– Բողոքի ակցիայի ընթացքում հնչում էին նաեւ քաղաքական կոչեր: Ի՞նչ կապ ունեին այդ կոչերը, ինչո՞ւ էր քաղաքապետը հայտարարում, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա հավանաբար նկատի ուներ, որ ինքը ոչ թե իշխող ուժի ներկայացուցիչ է, այլ նախկին իշխանությունների օրոք աշխատած եւ նրանց հայացքները կիսած անձ:
– Եթե նայենք, թե ովքեր էին կարծիքները հնչեցնում, ապստամբության կոչ անում եւ այլն, պարզ է, որ մարդիկ փորձում էին քաղաքականացնել ակնհայտ իրավական գործընթացը: Վստահեցնում եմ ձեզ՝ որեւէ քաղաքական ենթատեքստ, դրդապատճառ եւ այլն այս քրեական գործի շրջանակներում չկա: Տեղի է ունեցել հանցագործություն, Քննչական կոմիտեն այն որակել է որպես առեւանգում, ծեծ եւ բռնության գործադրում, քրգործի շրջանակներում տեղի են ունեցել այդ ձերբակալությունները: Ինչ վերաբերում է շահարկումներին, թե Սյունիքի մարզի համայնքապետները մեր թիմի անդամ չեն եւ այլն, մի հուշում անեմ ընդամենը. հեղափոխությունից հետո Սյունիքի մարզում կատարված սուբվենցիոն ծրագրերը աննախադեպ մեծ են եղել եւ, հետեւաբար, եթե լիներ թիմերի բաժանման սկզբունք, նման հատկացումներ այդ համայնքներին չէին տրամադրվի: Այնպես որ վստահեցնում եմ՝ այստեղ իշխող ուժը որեւէ տարանջատում չի դրել: