ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հորդորում է տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված»,- գրել է Ավինյանը:
Փոխվարչապետը հավելել է, որ թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր, պարզապես պետք է լրացնել տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրել:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: