տուն Քաղաքական Վերլուծական Տեսախցիկները միայն գումարներ կորզելու համար չեն

Տեսախցիկները միայն գումարներ կորզելու համար չեն

237
0

Երևան քաղաքում անընդհատ շատանում են տեղադրվող տեսախցիկները` երթևեկության վերահսկման, խանութների և այլ օբյեկտների անվտանգության հսկման, նոր ավտոկայանատեղիների հսկման համար նախատեսված: Դատելով տեսախցիկների թվաքանակի աճի և արտագաղթի տեմպերից, կարելի է ենթադրել, որ շուտով Երևանում տեսախցիկների թվաքանակը կգերազանցի բնակչության թվին: Սա փաստացի մարդու անձնական ազատության և անձնական կյանք ունենալու իրավունքի խախտում է: Սակայն դա քննարկման մեկ այլ թեմա է:

Ցանկացած նորմալ տնտեսություն ունեցող երկրում` մրցակցային շուկայի պայմաններում շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները ձգտում են հնարավորինս ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները` դրանով իսկ նվազեցնելով ապրանքի կամ ծառայության ինքնարժեքը, հետևաբար և գինը: Այս ամենը հնարավորություն է տալիս ավելի մրցունակ լինել և դիմակայել շուկայական մրցակցությանը:

Հայաստանում, որտեղ տիրում է համատարած մոնոպոլիան ու օլիգոպոլիան, բիզնես իրականացնողներին առանձնապես չի հուզում այս խնդիրը: Կա տարբեր պաշտոնյաների կողմից հավանավորչություն՝ կռիշ, իսկ սպառողը պարտավոր է վճարել այնքան, ինչքանով ապրանքը վաճառում են նրան:

Յուրաքանչյուրը կարող է տեղադրել իրեն անհրաժեշտ թվով տեսախցիկներ այնտեղ՝ որտեղ ցանկանում է, և այդ տեսախցիկները կարող են կատարել ընդամենը մեկ գործառույթ` համապատասխան գործունեության ոլորտին, մինչդեռ հնարավոր է կազմակերպել այնպես, որ մեկ տեսախցիկից օգտվեն մի քանի ընկերություններ կամ պետական մարմիններ:

Համագործակցությունը կարծես չի ստացվում նույնիսկ պետական մարմինների հետ, որոնք նույնպես աշխատում են նույն տրամաբանությամբ. հավաքել հնարավորինս շատ տույժեր, տուգանքներ, հարկեր բյուջետային եկամուտները ապահովելու և հետագայում ատկատների միջոցով դրանց մի մասը գրպանելու համար:

Ամբողջ քաղաքում` ճանապարհներին, խաչմերուկներին, ճանապարհի եզրային ավտոկայանատեղիներում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, սակայն զարմանալիորեն, խցանումների վերաբերյալ տեղեկատվություն Ճանապարհային ոստիկանությունը կա՛մ ստանում է բավականին ուշ, կա՛մ ընդհանրապես չի ստանում, եթե պատահաբար ՃՈ մեքենա չանցնի տվյալ փողոցով: Անցնելու պարագայում նույնպես հարց է` կբարեհաճե՞ն վերջիններս լծվել իրենց պարտականություններից բխող երթևեկության կարգավորման գործին, թե՞ հանդիպակած ճանապարհ մտնելով՝ կփորձեն գտնել իրենց հերթական օրինախախտ զոհին:

Փաստորեն ՃՈ ոստիկանությունը վերածվել է պետական բյուջեի հավաքագրման մեքենայի, իհարկե` տեսախցիկներով հավաքագրվածի 30 տոկոս չափաբաժնով, իսկ այն, որ այդ տեսախցիկների միջոցով հնարավոր է օպերատիվ տեղեկություն ստանալ առկա խցանումների մասին, նրանց մտքով չի անցել:

Տեսախցիկները միայն հանրությունից գումարներ կորզելու համար չեն, դրանք կարող են նաև օգտակար լինել հանրությանը, իսկ ՃՈ-ն հարկահավաք ֆունկցիա չպետք է իրականացնի, նրա հիմնական դերը ճանապարհային երթևեկության կարգավորումն է:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here