Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծեծկռտուքից հետո ԱԺ նիստը շարունակվում է:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց շուրջ 3 ժամ առաջ ԱԺ-ում կատարված միջադեպի մասին, ասելով որ կսպասի քաղաքական գնահատականի, ինչից կախված իրենց խմբակցությունը կորոշի ինչպես կաշխատի խորհրդարանում։ Ապա պատգամավորը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նիստերի դահլիճը լքելու մասին: Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Շուշիի ազատագրման 28-րդ ամյակի կապակցությամբ և ուզում եմ բոլորիս շնորհավորել 2018 թվականի ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ… Չեմ կարող չանդրադառնալ՝ ինչ տեղի է ունենում այս դահլիճում և այս առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ: Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել. բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև լինում է բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել: Ամենավերջին, ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ և այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Եվ այո՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ես ուղիղ ասել եմ, որ, այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է: Եվ ես այսօր, դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. ես, կներեք, որ էսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (ԱԺ ամբիոնից դուրս), հարց՝ իսկ ինչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Եվ երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում. քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր՝ որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից: Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, ես չեմ կարող, կներեք, անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո, և ես ուզում եմ ուղիղ ասել, բայց դատապարտում եմ նաև էն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների, որովհետև, այո, մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Էս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ պադիեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք ուզում են մեզ դարձնել իրենց «պադիեզդներում» ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ այո՝ այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ որ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից: Սա է ճշմարտությունը: Եվ ես ուզում եմ նաև խոսել օրենքի և օրինականության տեսակետից. ՀՀ քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց առանձին վերցված հանցագործություններ կան՝ կաշառքի սադրանքը: Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները: Եվ սա է իմ գնահատականը այսօր տեղի ունեցած միջադեպին և, այո, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ: Եվ սա համարում եմ, այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ անձամբ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև, կներեք, ես եմ ասում, բայց մենք հասկանանք, ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի՝ էսօր էլ ենք մենք տեսնում քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ՝ իմ հոգին հանձնվել չգիտի: Այո, էս ամեն ինչը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև, երբ որ էդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները… Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ. կամ մենք պետք է դառնանք «պադիեզդներում» մարդկանց ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է դառնան վախեցողներ «պադիեզդներ» մտնելուց: Թույլ չենք տա. այո, էդ «պադիեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն՝ Հայաստանի ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որ պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էս ամբիոնից, Սերժ Սարգսյանի հետ էս ամբիոնից»: