1990 թվականին այս օրը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը:
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը:
Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբերը ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, ում մահվանից հետո մինչեւ 2007թ. մարտ ամիսը կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը:
Մինչև 1995թ. իր ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկած այս փոքր` ՀՀԿ քաղաքական ուժը 1995թ. մտավ իշխանական «Հանրապետություն» նախընտրական միավորման մեջ: 1995թ. ՀՀԿ-ն սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը:
1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին:
1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո աննախադեպ աճեց ՀՀԿ-ի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: 1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Ազգային Ժողովում` հինգ պատգամավորով, ապա 1999թ. ընտրված երկրորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ-ն ամենամեծ թվով (երեք տասնյակ) պատգամավորներ ունեցող կուսակցությունն էր: Այսօր ՀՀԿ-ն իշխող քաղաքական ուժն է Հայաստանում և ունի խորհրդարանական մեծամասնություն:
Թե որքանով են իրար հետ կապված այս կուսակցության հիմնադիր նվիրյալներըˋ Արցախյան ազատամարտի մասնակից մարդիկ ներկայիս ՀՀԿ-ական վերնախավի հետ՝ դժվար է ասել: Դժվար է համեմատել նաև Աշոտ Նավասարդյանի ու Սերժ Սարգսյանի կերպարները:
Մի բան ակնհայտ էˋ 90-ականների սկզբին չնայած սակավամարդ, թույլ ազդեցությամբ, սակայն նվիրյալներով աչքի ընկնող կուսակցությունը վաղուց դադարել է գործել իր իսկ որդեգրած սկզբունքների շրջանակում: