Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու ընտրություններից առաջ քաղաքացիներին հորդորում էր, որպեսզի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքները ազատեն, որից հետո քաղաքապետարանը երեխաների համար խաղահրապարակներ կկառուցի: Տարոն Մարգարյանի այս խոստման շրջանակում վերակառուցվեցին մի քանի բակեր և ստեղծվեց տպավորություն, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: AraratNews.am լրատվական կայքի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ Էրեբունի համայնքի Ազատամարտիկների 78 հասցեում գտնվող շենքերի բակային տարածքում շինարարություն է ընթանում: Շինությունը, որը արդեն կանգնեցվել է, ըստ Տարոն Մարգարյանի նախկին խոստման, պետք է խաղահրապարակ դառնար մանուկների համար: Այս ամենը հասկանալի է դարձնում, որ շատ շենքերում ապրող երեխաներն իրենց բակը չեն ունենա, սակայն փոխարենը կունենան սուպերմարկետ կամ բուքմեյքերական սրահ: Այս հասցեում կառուցապատումը իրականացնում է Էդգար Աղախինյանը: AraratNews.am-ի հետ զրույցում հարակից շենքի բնակիչներից մեկն ասաց, որ գարնանը նրանք հույս ունեին, թե այստեղ երեխաների համար խաղահրապարակ կկառուցվի, սակայն հիմա հասկանալի է, որ հերթական «օբյեկտն» է կառուցվում. «Ինչ ասեմ, մենք գարնանը հույս ունեինք, թե խաղահրապարակ կկառուցվի երեխաների համար, բայց դե հիմա հասկանալի ա, որ սա խաղահրապարակ չի: Ճիշտ ա մի հարյուր մետր հեռավորության վրա մեծ այգի կա, բայց լավ կլիներ, որ մեր շենքի մոտ էլ խաղահրապարակ լիներ»,- ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ խանութների կամ այլ սպասարկման օբյեկտների պակաս չկա և լավ կլինի, որ գեղեցկի բակեր ավելանան քաղաքում, որպեսզի իրենք էլ կարողանան երեխաներին իջեցնել բակ, որը շենքին մոտ կլինի: