տուն Քաղաքական Տարոն Մարգարյանը փորձում էր ընդամենը գեղեցկանալ

Տարոն Մարգարյանը փորձում էր ընդամենը գեղեցկանալ

321
0

3fe9144933e1b0f9d366b6909a5ae333

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը: Թեզի գիտական ղեկավարն էր ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթանյանը: Պաշտպանությունը հրապարակային էր, սակայն լրագրողների մուտքը արգելափակվեց համալսարանի մեծամասամբ հանրապետական ուսանողների կողմից՝ համալսարանի հերթապահ ոստիկանների լուռ համաձայնությամբ և օգնությամբ: Իր հայցորդի պաշտպանությանը միացավ նաև բուհի ռեկտոր Կորյուն Աթանյանը, որն ասաց, որ բուհի կանոնադրությամբ արգելվում է նկարահանում իրականացնել բուհի ներսում:

Փաստորեն, Տարոն Մարգարյանը այսօր ոչ թե պաշտպանեց իր գիտական թեզը, այլ հանրապետականացված ուսխորհրդի (փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո՝ զորքի) միջոցով պաշտպանեց իր թեզի պաշտպանությունը լրագրողներից, հետևաբար և՝ հանրությունից: Նման իրավիճակում ասել, որ պաշտպանությունը եղել է հրապարակային՝ ուղղակի անմեղսունակություն է: Իհարկե՝ ՀՀ պաշտոնյաներն ու համալսարանական գիտնական-չինովնիկները չեն խուսափի նման անմեղսունակությունից:

Բոլորի համար էլ պարզ էր, որ լրագրողների հետ շփումները անգամ իր պաշտոնական լիազորություններից ելնելով Տարոն Մարգարյանի համար ուղղակի դժոխային իրավիճակ են ստեղծում: Տարոն Մարգարյանի մտքի անկատարության և գիտական գործունեության հետ ուղղակի անհամատեղելիության մեջ համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը դիտել վերջինիս տված հարցազրույցների և վարած ավագանու նիստերի տեսագրությունները:

Փողոցային կրիմինալ արժեքներով առաջնոդվողի համար, իհարկե, տհաճ պետք է լիներ ամենայն հավանականությամբ լրիվ անծանոթ աշխատանքի պաշտպանության ժամանակ լրագրողների կամ ոչ սվոյների ներկայությունը: Սակայն անհասկանալի էր, թե Տարոն Մարգարյանի ինչին է պետք գիտական աստիճանը, եթե նա, ինչպես կարելի է ենթադրել, մանկուց սեր չի ունեցել գիտության հանդեպ։

Հավանաբար, ինչ-որ մեկը կամ Տարոն Մարգարյանի փիառշչիկները վերջինիս խորհուրդ են տվել ավելի գեղեցիկ երևալ, և քանի որ արտաքնապես ավելի գեղեցկանալու հնարավորությունները խիստ սահմանափակ են, որոշվել է գոնե գիտական աստիճանով քողարկել քաղաքական ու պաշտոնեական անհաջողությունները: Փաստորեն, Տարոն Մարգարյանը փորձում էր ընդամենը գեղեցկանալ, իսկ չար ու ոչ գեղեցիկ լրագրողները փչացրին վերջինիս տոնը:

Հետաքրքրական է, որ տարրական տրամաբանությունն անգամ պետք է հուշեր, որ նման պաշտպանությունը, Տարոն Մարգարյանի հեղինակությունը բարձրացնելու փոխարեն, ավելի է գցելու: Սակայն թե այս պատմության մեջ նման խորհրդով ով է քցել Տարոն Մարգարյանին՝ հավանաբար կերևա ապագայում:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here