Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երեկ Կենտրոն ՀԸ-ի եթերում «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք 100 դրամ ուղեվարձով աշխատում են քաղաքապետարանի ճնշումների տակ, և որ դեռևս 2012 թվականին մրցույթի ժամանակ Երևանի քաղաքապետարանից իրենց խոստացել են առաջիկայում բարձրացնել ուղեվարձը, չնայած նրան, որ Տարոն Մարգարյանը սույն թվականի մայիսին կայացած ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ տրանսպորտի գնի բարձրացում չի լինելու: Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ դա քրեորեն պատժելի արարք է և պետք է քայլեր ձեռնարկել այս հարցի շուրջ՝ մանրամասներ ճշտելու համար.«Նախ պետք է պարզել, թե 2012 թվականին մրցույթներ հայտարարելիս ով է խոստացել փոխադրում կատարող կազմակերպությունների ներկայացուցիչներին, որ տրանսպորտի գինը բարձրանալու է, որովհետև Երևանի քաղաքապետը, գրեթե ամիսներ առաջ, երդվում էր, որ ինքը մինչև քաղաքապետ վերընտրվելը չի պատկերացրել, որ տրանսպորտի գինը կթանկանա: Ում հետ են հանդիպել գծատերերը, և ով է նրանց խոստումներ տվել. այս հարցերի պատասխանն է պետք հստակ իմանալ»,-նշել է ավագանու անդամը:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, չափազանց հետաքրքիր է եղել նաև հաղորդման ժամանակ արած այն հայտարարությունը, որ իրենց համոզել են հրաժարվել 202 դրամից և գծատերեն էլ համոզվել են 150 դրամով աշխատելու.«Այսինքն, ակնհայտորեն երևում է, որ 2013 թվականի հուլիսին նույնպես վարորդների վրա ճնշում է գործադրվել, և կարծում եմ, որ նրանք այսօր էլ ճնշումների տակ են միտինգներ անում և սպառնալիքներ հնչեցնում, հետևաբար սրանք բոլորը քրեորեն պատժելի արարքներ են և պետք է իրենց ընթացքը ստատան»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե նախատեսե՞լ են որևէ հստակ քայլեր այդ ուղղությամբ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է. «Դեռևս ոչ: Միգուցե իրավաբանները որոշակի խորհուրդ տան մասնագիտական տեսանկյունից, բայց որ այդ գործով պետք է զբաղվել, դրանում կասկած չկա»:
Էմմա Պալյան