Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի և կիրառման մեխանիզմների քննարկման համար Տարոն Մարգարյանի կողմից ձևավորված հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը իր աշխատանքներն ի սկզբանե սկսեց հանրության շրջանում լեգիտիմության գրեթե զրոյական մակարդակով: Հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցեցին ավագանու երեք խմբակցություններից երկուսը: Այնուհետև հանձնաժողովի մի քանի անդամներ կասկածի տակ առան հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքերն ու ընթացակարգը: Դրան հետևեց հանրային հանձնաժողովի ձևավորման մասին Մաշտոցի պուրակում հրավիրված քննարկումը, որին մասնակցում էին նաև Տարոն Մարգարյանի հանձնաժողովի մի քանի անդամներ: Դրան հետևեց այդ հանձնաժողովի ձևավորման նախնական հանդիպումը, որի ժամանակ որոշվեց ձևավորել հանրային տրանսպորտի ոլորտն ուսումնասիրող անկախ փորձագետների խումբ: Սրանով հանրությունը հստակ մեսիջ ուղարկեց քաղաքապետարանին, որ այս խնդրով ինքնակազմակերպման ռեսուրսները սպառված չեն, և գործընթացը մտնում է որակապես նոր փուլ:
Սեպտեմբերի 27-ից անցել է մոտ երեք շաբաթ, սակայն Տարոն Մարգարյանի ձևավորած հանձնաժողովի մասին խոսք անգամ չկա: Հայտնի չէ, թե երբ է կայանալու երկրորդ նիստը, կայանալո՞ւ է արդյոք, թե՞ ոչ: Դեռ ձևավորման պահից հստակ էր, որ այդ հանձնաժողովը պետք է որոշակի իրավական, տնտեսագիտական հիմնավորումների բազա ապահովի սակագնի թանկացման որոշման համար, սակայն հանրության կողմից կատարված քայլերը, քաղաքապետարանի մոտ շարունակվող նստացույցը կարծես ծուղակի մեջ են գցել երիտասարդ քաղաքապետին: Առաջին ռաունդում հանրության գրանցած հաղթանակը, ստեղծված հանձնաժողովի լեգիտիմության բացակայությունը, թանկացման դեպքում պայքարի բացօթյա շտաբի վերափոխման պոտենցիալ ունեցող նստացույցը քաղաքապետարանի մոտ, ձևավորվող անկախ փորձագետների խումբը երկմտանքի առաջ են կանգնեցրել քաղաքային իշխանություններին: Հենց այս հանգամանքներն էլ երևի հանձնաժողովի աշխատանքի դանդաղացման պատճառ են հանդիսանում: Սակայն չեն դադարում շրջանառվել լուրեր, որ Տարոն Մարգարյանը վճռական է տրամադրված և ցանկացած եղանակով հասնելու է տրանսպորտի սակագնի բարձրացմանը: Հանրությունից կրած պարտությունը քրեական արժեքներով առաջնորդվող քաղաքապետի համար անտանելի է, և պետք է հասնել ռևանշի, ինչպես նաև ճնշում կա ընտրությունների ժամանակ իր համար աշխատած գծատերերի կողմից: Հանձնաժողովի աշխատանքը դանդաղեցնելով Տարոն Մարգարյանը կարծես սպասում է հարմար պահի, որի ժամանակ գրպանային հանձնաժողովը արագացված ռեժիմով մի քանի նիստ գումարելուց հետո թանկացման անհրաժեշտության մասին եզրակացություն կտա: Նման ժամանակաշրջան կարող են հանդիսանալ դեկտեմբեր-հունվար ամիսները, երբ հանրությունը գտնվում է նախատոնական կամ հետտոնական տրամադրությունների մեջ, իսկ ուսանողությունը՝ քննական շրջանում, ինչը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել երիտասարդությանը: Այս պայմաններում հանրությունը պետք է պատրաստ լինի պաշտպանելու տրանսպորտի սակագինը անփոփոխ թողնելու իր որոշումը, իսկ լավագույն պաշտպանությունը նախահարձակ լինելն է:
Սևակ Մամյան