տուն Քաղաքական Տարոն Մարգարյանը մոնտաժնիկների միջոցով փորձում է խուսափել իրականությունից

Տարոն Մարգարյանը մոնտաժնիկների միջոցով փորձում է խուսափել իրականությունից

238
0

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվել է «Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումների Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հատվածի մասին պատմող տեսանյութ: Նույնիսկ տեսողությունը խիստ լարելու պայմաններում տեսանյութում չենք կարող գտնել արդեն շուրջ 90 օր քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնողներին և նրանց աջակիցներին, մինչդեռ թե´ միջոցառման մասնակիցները, թե´ լրատվությանը հետևածները քաջ տեղյակ են քաղաքապետարանի անօրինականությունների դեմ դուրս եկած երիտասարդների ներկայության և իրականացրած ակցիայի մասին:

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանը փորձում է ժամանակակից տեխնիկայի և մոնտաժի ընձեռած հնարավորությունները օգտագործելով՝ ստեղծել իր ցանկալի իրականությունը: Քաղաքային իշխանությունները խուսափում են տեսնել իրենց շուրջը կատարվողը, սակայն դա կարելի է անել միայն տեսանյութերում, նկարներում, որտեղ բոլորը ուրախ են և գոհ: Իսկ իրականությունն այլ է: Գործող իրականության մեջ այդ նույն մոնտաժնիկի դերն իր վրա է վերցրել ոստիկանությունը, և հենց այդ օրը Երևանի և երևանցիների տոնին փորձեց ապամոնտաժել ավելի լավ Երևան ցանկացողներին, Երևանի իրական տերերին:

Նման քայլերով վարչախումբը օրեցօր ավելի է խորացնում իր և հանրության միջև առկա խզումը, փորձում է ստեղծել իր համար հաճելի և անվտանգ իրականություն, բայց… Բայց աստիճանաբար նման պաշտոնատար անձանց շուրջ ստվարանում են պաշտպանիչ վահան հանդիսացող ոստիկանների և անվտանգության աշխատակիցների շարքերը, որոնք հստակորեն գծում են այն գիծը, որով առանձնանում է վարչախումբը հանրությունից: Վարչախումբի դիրքերը կարող են ամուր լինել, եթե առկա են բնական, մարդկային, սոցիալական կապերը վերջինիս անդամների և հանրության միջև, իսկ ոստիկանական շղթաները, կտրտված տեսանյութերը կտրում են այդ կապերը: Այդ կապերը կտրվում են անգամ նույն Տարոն Մարգարյանի և «Տարոն Մարգարյանի սրտի ուղեկիցների» միջև:

Այս պայմաններում վարչախումբը նմանվում է ավազի վրա կառուցված տնակի, իսկ ավազը ամեն պահի կարող է չդիմանալ այդ ծանրությանը և հոսել: Որքան ուշ է լինում ավազի հոսքը, այնքան նվազում է այդ տնակի բնակիչների երկարակեցության հավանականությունը…

Ավազահատիկ` Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here