Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին յուրօրինակ շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին:
Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում՝ նաև շատրվանները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը:
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն