Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երեկ Կենտրոն ՀԸ-ի եթերում «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք 100 դրամ ուղեվարձով աշխատում են քաղաքապետարանի ճնշումների տակ, և որ դեռևս 2012 թվականին մրցույթի ժամանակ Երևանի քաղաքապետարանից իրենց խոստացել են առաջիկայում բարձրացնել ուղեվարձը, չնայած նրան, որ Տարոն Մարգարյանը սույն թվականի մայիսին կայացած ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ տրանսպորտի գնի բարձրացում չի լինելու: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից Araratnews.am-ի թղթակիցը կարծիք է հարցրել: «Թող քաղաքապետարանը որևէ բան ասի այս մասին, ես ոչ քաղաքապետարանի աշխատակից եմ, ոչ էլ ուղևորափոխադրող, իսկ այդ հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ուղևորափոխադրողները կոնկրետ մեղադրեցին քաղաքապետին միաժամանակ մի քանի հարցումˋօրենքը խախտելու հարցում և երկրորդˋքաղաքացիներին խաբելու մեղադրանք ներկայացրեցին, որ այսքան ժամանակ ստել է քաղաքացիներին:
Այսքանից հետո ուղղակի պետք է սպասել Երևանի քաղաքապետի արձագանքին, քանի որ իրանք իրար մեջ ինչ են պայմանավորվել, դա ամենևին քաղաքացուն, սպառողին հետաքրքիր չէ»,-նշել է Բաբկեն Պիպոյանը: Բաբկեն Պիպոյանը ասել է, որ ինքը լավ չի հիշում, թե հաղորդման ժամանակ փոխադրում իրականացնող կազմակերությունների ներկայացուցիչները քաղաքապետ են ասել, թե քաղաքապետրան, չնայած իր համոզմամբ քիչ հավանական է,որ քաղաքապետարանում որևէ բան տեղի ունենա առանց Տարոն Մարգարյանի իմացության.«Եթե մի պահ ենթադրենք, որ քաղաքապետը տեղյակ չէ այդ ամենից, ապա առնվազն պետք է Տարոն Մարգարյանը դիմում գրի և հեռանա: Ժամանակին, եթե ինչ-որ չինովնիկի մասին նման հայտարարություն լիներ, միանշանակ նա հրաժարականի դիմում կներկայացներ, հիմա եթե Տարոն Մարգարյանն իսկապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, նա էլ պետք է այդպես վարվի: Այսինքն Տարոն Մարգարյանը կամ խաբում է, կամ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, կամ էլ ստում է երկրորդ կողմըˋփոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները: Գոյություն ունի երեք հատ կամ, բայց հակված ենք հավատալ փոխադրում իրականացնող մարդկանց, քանի որ հակառակ կողմի կարծիք չկա,եթե ինչ-որ մեկի մասին ասում են, որ ինքը մարդասպան է, ապա առնվազն ինքը պետք է ասիˋգիտեք ես մարդասպան չեմ»,-եզրափակել է Բաբկեն Պիպոյանը:
Էմմա Պալյան