Hetq.am-ը գրում է.
«Նոյեմբերի 6-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարեց, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացվել են ստուգումներ, եւ արձանագրված թերությունների հետեւանքով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն, ըստ ՔԱԿ-ի, «Տարոն-Ավիան» որոշել է ուղղակի դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել է ավիափոխադրողի թիվ 049 ՕՇՎ-ի գործողությունը:
Նշենք, որ օդանավ շահագործողի վկայականն այն փաստաթուղթն է, որի հիման վրա որեւէ ավիաընկերություն իրականացնում է կոմերցիոն ավիափոխադրումներ: Այսինքն՝ առանց դրա հնարավոր չէ բիզնես գործունեություն ծավալել ավիացիայի փոխադրումների ոլորտում: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ «Տարոն-Ավիան» այս ՕՇՎ-ն ստացել էր 2014-ի օգոստոսին: Փաստորեն, 5 տարի անց ընկերությունը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է գործունեություն ծավալելուց:
«Տարոն-Ավիան» ի սկզբանե խնդիրների առաջ էր կանգնել ներքին եւ արտաքին շուկայում
Բայց արժե հիշեցնել, որ 2017-ի գարնանից ի վեր, երբ Գյումրիում բազավորվող ընկերությունը թռիչքներ սկսեց դեպի Ռուսաստան, լուրջ խնդիրների բախվեց: Իսկ ընդհանրապես «Տարոն-Ավիան» հիմնադրվել է 2007-ին: Այն նախապես բեռնափոխադրող ավիաընկերություն էր, որը, սակայն, Հայաստանի սահմաններից դուրս էր աշխատում: Երկարատեւ քաշքշուկներից հետո 2016-ի մայիսին ընկերությունը կանոնավոր օդային փոխադրումներ կատարելու հավաստագիր ստացավ, ինչը նշանակում էր, որ օպերատորը կարող է զբաղվել ուղեւորների, բեռների, փոստի տեղափոխմամբ (մինչ այդ «Տարոն-Ավիայի» ինքնաթիռները վարձակալությամբ շահագործվում էին աֆրիկական ու ասիական ընկերությունների կարիքների համար):
2017-ի ապրիլից «Տարոն-Ավիան» Գյումրու «Շիրակ» օդանավակայանից սկսեց թռիչքներ կատարել դեպի Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով եւ Մոսկվա, հետո Գյումրի-Ռոստովի փոխարեն ընկերությունը բացեց Երեւան-Մոսկվա ուղղությունը, սակայն 2017-ի դեկտեմբերին դադարեցրեց չվերթները Գյումրուց, իսկ 2018-ի հունվարից՝ Երեւանից: Հայաստանից թռիչքները դադարեցնելու երկու պատճառ կար՝ ներքին եւ արտաքին:
Ներքինն այն էր, որ ավիաընկերությունը տարաձայնություններ ուներ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ: Ըստ փոխադրողի՝ կոնցեսիոների կողմից իրեն՝ տեղական ընկերությանը մատուցվող ծառայությունների փաթեթը տարբերվում էր «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդային» առաջարկված տարբերակից: Վերջինս Գյումրիում հայկական ընկերության միակ մրցակիցն էր եւ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթներ էր կատարում ամեն օր (այսօր «Պոբեդան» միակն է, որ օգտվում է «Շիրակից»): Իր հերթին կոնցեսիոները նշել էր, որ «Տարոն-Ավիային» մատուցվել է «տարաբնույթ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ աննախադեպ արտոնյալ պայմաններով, որը չի կարող համեմատվել «Պոբեդա» ավիաընկերությանը տրամադրված պայմանների հետ, քանի որ վերջինս ստանում է միայն բազային օդանավակայանային ծառայություններ»»
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: