Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր կայացավ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի կազմակերպած տարեվերջյան մրցանակաբաշխությունը, որին ներկա էին մի շարք պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, իրավաբաններ, մանկավարժներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և այլք։ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը մրցանակներ հանձնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Մարգարիտ Եսայանին և Տիգրան Ուրիխանյանին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին։ Մրցանակակիրների թվում էին նաև Ազգային գրադարանի նախկին տնօրեն, գրող Դավիթ Սարգսյանը, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը։ ԶԼՄ-ները նույնպես չէին վրիպել մրցանակաբաշխության կազմակերպիչների ուշադրությունից։ Պատվոգրերով պարգևատրվեցին «Շանթ», «Արմենիա», «Արմնյուզ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, մի շարք թերթեր, այդ թվում՝ «Հրապարակ» օրաթերթը՝ որպես ամենաընթերցվող օրաթերթ։ Տարվա մարդ ճանաչվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։