Դեկտեմբերի 3-ին ԱԺ լիագումար նիստում քննարկվելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության «Համակարգված և համատարած կոռուպցիա» հարցապնդումը կառավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ կոռուպցիան Հայաստանում համակարգված է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն են: Հարցապնդման կարևոր շեշտադրումները հետևյալն են.
- Բյուջեի թալանը տեղի է ունենում նաև մինչև փողը բյուջե հասնելը. այս կերպ տարեկան թալանվում է 1.8 մլրդ դոլար
- Տիգրան Սարգսյանի օգուտը օֆշորային գործարքներում կազմել է 1,667 մլն դոլար
- Արդեն բյուջե մտած փողերի տարեկան թալանը (ծախսերից թալանը) կազմում է 700 մլն դոլար: «Տարեկան 2.5 մլրդ դոլար հարկատուներից հոսում է այս ավազակների գրպանը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
- Արմավիան բյուջե չի վճարել 7 մլրդ 35 մլն դրամ, և կառավարության անհետևողականությունն այս հարցում ցույց է տալիս, որ գործ ունենք կոռուպցիոն սխեմաների հետ
- Պետգնումների գործընթացում չարաշահումները (այստեղ ՀԱԿ-ը կցել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունները)
- ԴԱՀԿ աշխատակից Միհրան Պողոսյանը պետբյուջեի հաշվին սեփական մեքենաներ է ձեռք բերել:
- Ֆլեշ ընկերությունից դիզվառելիքի ձեռք բերումը ևս կատարվել է կոռուպցիոն սխեմայով:
- Կառավարությունը ապահովագրական ընկերություններին քաղծառայողների ապահովագրության համար տվել է 10 մլրդ դրամ, որից վերջիններս ծախսել են 4-ը՝ ունենալով 6 մլրդ դրամի գերշահույթ:
- Ավտոկայանատեղերի ու արագաչափերի պարագայում ևս գործում են կոռուպցիոն սխեմաներ, երբ ընկերությունները 70% գերշահույթ են ստանում:
- Սերժ և Տիգրան Սարգսյաննների, Արմեն Գևորգյանի, Աղվան Հովսեփյանի, Տարոն Մարգարյանի, Գագիկ Խաչատրյանի (ՊԵԿ նախագահ) հայտարարագրերում կան ակնյատ հակասություններ:
Լ. Զուրաբյանն ասում է, որ այս հարցապնդումը նման է նրան, որ դահիճին հարցնես՝ արդյոք մարդասիրական նոպաներ չի՞ ունենում կամ վատ զգում՝ այդքան մարդ սպանելու համար: Սակայն, ըստ Զուրաբյանի, իրենք նախ սա արել են իրավիճակը թեժացնելու, ժողովրդին իրավիճակը ներկայացնելու և մոբիլիզացնելու համար: