տուն Հասարակություն Տավուշի և Լոռու մարզում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման ծրագրեր

Տավուշի և Լոռու մարզում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման ծրագրեր

320
0

Կառավարությունն այսօր  հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկայացված նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր, որով Լոռու մարզում կմիավորվեն մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված Լերմոնտովո և Անտառաշեն համայնքները, իսկ Տավուշի մարզում՝ նախկին Իջևանի շրջանի թվով 19 համայնքները՝ Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն:  Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

Վարչատարածքային բարեփոխումների և համայնքների միավորման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը կարևորվել է ՀՀ կառավարության ծրագրում:

Բարեփոխման արդյունքում՝

· կձևավորվեն ռեսուրսներով ինքնաբավ համայնքներ,

· կապահովվի համաչափ զարգացումը,

· համայնքի բնակչին կմատուցվեն առավել որակյալ և մատչելի ծառայություններ,

· «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման գործընթացը կշարունակվի,

· կավելանան ներդրումային ծրագրերը, որոնցով կբարելավվեն բնակավայրերի մի շարք ենթակառուցվածքներ (ճանապարհների բարեկարգում, աղբահանության, տրանսպորտային հաղորդակցության արդյունավետ կազմակերպում, ֆոտովոլտային կայանների կառուցում և այլն),

· կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ,

·  համայնքների միավորման գործընթացին զուգընթաց՝ անցում կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգին,

· էապես կթուլանա համայնքի ղեկավարի ու ավագանու «կապվածությունը», կկայանա ինքնուրույն և անկախ ավագանու ինստիտուտը։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագծով Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքներում 2020թ. հունիսի 14-ին կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ՝ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով