Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման միտումների և խնդիրների մասին araratnews.am-ը զրուցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:
— Պարոն Վարդանյան, ի՞նչ վիճակում է այսօր Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, և ի՞նչ միտումներ են նկատվում:
— Ոլորտը ֆորմալ իմաստով բավական լավ վիճակում է, որովհետև վերջին 8 տարվա միջին տարեկան աճը եղել է մոտ 22%: Դա էականորեն բարձր է տնտեսության մյուս ոլորտների աճի տեմպերից: Մասնավորապես` անցած տարի 30% էր, 2009 թ., երբ ճգնաժամ էր, աճը 14% էր: Այսինքն` այն ժամանակ, երբ որ բոլոր ոլորտները անկում էին ապրում, ՏՏ ոլորտը Հայաստանում աճում էր: Դա պայմանավորված է նրանով, որ աշխարհում այսօր տաղանդների դեֆիցիտ կա, և աշխատանք կա թե ինֆորմացիոն, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ տենդենցն առնվազն մոտակա 15-20 տարիներին շարունակվելու է: Այսինքն` բարձր տեխնոլոգիական մասնագետների պահանջը, օրինակ, ԱՄՆ-ում մի 15 տարի հետո հաշվարկվելու է տարեկան 1 մլն և ավելի մարդով: Այսինքն` գործ միշտ լինելու է: Եվ այստեղ Հայաստանի վիճակը պայմանավորված է լինելու նրանով, թե որքանով մենք կկարողանանք այդ տաղանդներին ի հայտ բերել և մասնագիտական կարողություններ տալ: Այսինքն, կոպիտ ասած՝ ինչքան մենք շատ մարդ ներգրավենք ոլորտի մեջ, այդքան գործ կունենանք:
— Որքա՞ն մարդ է այսօր ներգավված Հայաստանի ՏՏ ոլորտում:
— Մենք ունենք շուրջ 12 հազար աշխատող: Նկատի ունեմ ոչ միայն ինֆորմացիոն, այլև ինժեներական տեխնոլոգիաների ոլորտը: Կոմպլեքս ինժեներինգի մասին է խոսքը, որտեղ թե ծրագրավորում է կիրառվում, թե էլեկտրոնիկա, թե մեխանիկա (այսինքն` համալիր, ամբողջական լուծումներ են տրվում): Սա մի նոր ճյուղ է, որն այսօր ակտիվորեն զարգանում է, և որտեղ նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաներ են կիրառվում: Այս ճյուղը շատ հեռանկարային է, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հենց կոմպլեքս ինժեներական լուծումների պահանջարկն է աշխարհում այսօր բարձր և անընդհատ աճելու միտում ունի:
— Ի՞նչ է խնդիրներ կան այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում, որոնք պետք է լուծել` էական առաջընթացը երաշխավորելու համար:
Թիրախները հստակ են. առաջին հերթին կադրերի պատրաստումն է, երկրորդը` ամբողջական լուծումների վաճառքը: Մենք պետք է կարողանանք ոչ թե, կոպիտ ասած, բանվորական ուժ վաճառել` աութսորսինգ անելով (երբ քեզ գործի մի մասն են տալիս), այլ համալիր լուծումներ վաճառել: Մյուս խնդիրը տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումն է, որպեսզի երիտասարդները ձեռնարկություններ ստեղծեն: Որպեսզի դու ամբողջական լուծում վաճառես, դու պետք է այդ լուծումը ստեղծես, առաջարկես, համոզես, սպասարկես և այլն: Այսինքն` այստեղ շատ է կարևորվում տեխնոլոգիական ձեռներեցության դերը:
Հաջորդ խնդիրը ամենաժամանակակից տեխնոլոգիական մշակույթի, գիտահետազոտական վերջին տեխնոլոգիաների ներմուծումն է Հայաստան: Եթե մենք մեր սեփական ձեռնարկությունները զարգացնենք, մեզ կհաջողվի նաև Հայաստան ներգրավել լավագույն ինժեներական ընկերությունների գիտահետազոտական հատվածները: Օրինակ` վերջերս IBM-ը նման կենտրոն ստեղծեց, ենթադրվում է, որ Samsung-ը նման կենտրոն կստեղծի, վերջերս «Էրիքսոնը» նման հայտարարություն արեց: Այս ամենը շատ լավ է, քանի որ գալիս է վերջին տեխնոլոգիան և վերջին մշակույթը: Մեզ մնում է կադրերի թիվը անընդհատ ավելացնել:
Եվս մեկ խնդիր եմ ուզում առանձնացնել: Արդեն ասացի՝ միտումն այն է, որ ոլորտը աստիճանաբար աութսորսինգից անցում է կատարում սեփական պրոդուկտների, երբ և արտադրողականությունն է ավելի բարձր, և հասույթն է շատանում: Այս պայմաններում կարևորվում է վաճառքի ենթակառուցվածք ստեղծելը: Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք վերականգնել վստահությունը սփյուռքի հետ, և որպեսզի սփյուռքը հանդիսանա որպես այդ վաճառքի ենթակառուցվածք: Այդ պրոցեսում սփյուռքը որոշակի հասույթ կունենա, և սփյուռքն էլ մեզ կօգնի, որ պատվերներ ունենանք: Սա ոչ թե օգնություն է Հայաստանին, այլ երկուստեք փոխշահավետ գործարք:
— Նշեցիք, որ ամենակարևոր խնդիրներից մեկը կադրերի քանակն ավելացնելն է: Ի՞նչ է արվում այս խնդրի լուծման ուղղությամբ Հայաստանում:
— Ամենաթույլ տեղն է եղել կադրերի խնդիրը վերջին առնվազն 8 տարում: Բարեբախտաբար, մի շատ կարևոր ծրագիր է իրականացվում Հայաստանում: Խոսքը Հայկական ազգային ինժեներական լաբորատորիային է (Armenian National engineering laboratory) վերաբերում, որը Պետական ճարտարագիտական համալսարանում է տեղակայված: 6 մլն դոլարանոց ծրագիր է, որով ճարտարագիտական համալսարանը համալրվեց ինժեներական ոլորտի լավագույն լաբորատոր սարքավորումներով: Սա մեզ հույս է տալիս, որ մենք մի երկու տարի հետո այդ համալսարանից կունենաք տարեկան մոտ 2000-2500 շատ որակյալ մասնագետներ: Եվ դա շատ լուրջ համալրում է, քանի որ կադրային խնդիրն այսօր ամենասուրն է: Կա նաև Microsoft ինժեներական կենտրոնը, M Lab լուծումների կենտրոնը, որոնք ևս շատ կարևոր ծրագրեր են: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի նաև ծրագրավորման գերազանցության կենտրոն կառուցել Ճարտարագիտական համալսարանում և հասցնել այդ լավագույն ինժեներական կադրերի թիվը մինչև տարեկան 3000 և ավելիի:
— Կարողանո՞ւմ է արդյոք դպրոցը համապատասխան կադրերով բուհերին ապահովել:
— Այսօրվա դպրոցական կրթության մակարդակը ցածր է, և իսկապես վտանգ կա, որ համալսարանում շատ լավ ենթակառուցվածք սարքվի, բայց երիտասարդը պատրաստ չլինի ընկալելու և սովորելու: Կարևոր է, որ մենք ինժեներական կրթությունը որոշակիորն տեղափոխենք դեպի դպրոց: Այդ առումով մեր միությունը այս տարի մի ծրագիր սկսել է: 50 դպրոցներում և մոտ 10 համալսարաններում 60 խմբակ ենք ստեղծել, որոնց առնվազն 50-ը Երևանից դուրս են: Ստեղծման ընթացքում Ինստիգեյթ ընկերության հետ մեզ հաջողվեց բացառիկ կրթական շղթա ստեղծել, որը ծածկում է 5-12-րդ դասարանները, և երեխան այդ ընթացքում սովորում է թե ծրագրավորում, թե էլեկտրոնիկա, թե մեխանիկա, թե ռոբոտատեխնիկա: Ենթադրում ենք, որ ամենաուշիմ երեխաները, որոնք որ այդ շղթայով կանցնեն, դպրոցն ավարտելուն պես (դեռ համալսարան չընդունված) 150-200 հազար դրամ ամսական աշխատավարձով կկարողանան աշխատել: Համալսարանն ավարտելուց հետո արդեն բավական լուրջ աշխատավարձի մասին խոսք կգնա, սկսած` 500 հազար դրամից:
Մեզ հաջողվեց այս հետաքրքիր շղթան` լաբորատորիան, ստեղծել: Այն սկսվում է ծրագրավորումից, ավարտվում ռոբոտաշինությամբ, ներառում է եռաչափ պրինտերներ, ծրագրավորվող հաստոցներ և այլն: Օրինակ` երեխան կարող է եռաչափ պրինտերների ցանկացած մասը եռաչափ պրինտերով պատրաստել և տալ հարևան դպրոցին: Շատ հետաքրքիր շղթա է, ամբողջ աշխարհընկալումն է փոխվում: Եվ այսօր մեր խնդիրն է գտնել հետաքրքրված մարդկանց, ովքեր կմիանան մեզ: Նպատակ ենք դրել, որ Հայաստանի բոլոր դպրոցներում ունենանք այս շղթան: Եվ եթե դա հաջողվի, մոտ 5 տարուց մենք կունենանք տարեկան 8000 նմանատիպ երիտասարդներ, որ կգնան համալսարաններ բացարձակ լավ գիտելիքներով: Եվ անկախ նրանից` հետագայում կդառնան ինժեներ, բժիշկ թե ծրագրավորող, ամենաժամանակակից պատկերացումները կունենան այսօրվա ինժեներության վերաբերյալ: Սա այդ շղթայի ամենասկզբի և ամենակարևոր հատվածն է:
— Գաղտնիք չէ, որ մեր ՏՏ ոլորտի արտադրանքի մեծ մասն արտահանվում է: Ի՞նչ է պետք անել, որ արտադրանքը նաև Հայաստանում կիրառվի:
— Այո, ոլորտը երբ անկախ Հայաստանի պայմաններում սկսեց զարգանալ, իր արտադրանքը արտահանում էր: Մոտ 5 տարի առաջ հասույթի 80%-ը գալիս էր այլ երկրներից և միայն 20%-ը` Հայաստանից: Բայց այսօր արդեն 60%-ն է գալիս այլ երկրներից, իսկ 40%-ը` Հայաստանից: Ավելանում է ՀՀ-ում ՏՏ օգտագործումը: Այստեղ մենք խրախուսելու կարիք ունենք, որ հնարավորինս շատ օգտագործվի ՏՏ արտադրանքը թե բիզնեսի և թե պետության կողմից: Դա հնարավորություն է տալիս, որ երիտասարդ ինժեներները տեղական շուկայի պայմաններում արտադրանք ստեղծեն և փորձարկեն, ինչը կհեշտացնի հետագայում այդ արտադրանքի արտահանումը: Էլ չեմ խոսում, որ տեղական բիզնեսի արդյունավետությունը էականորեն կբարձրանա: Բայց տեխնոլոգիական ոլորտի և այլ ոլորտի բիզնեսների միջև զգալի խոչընդոտը վստահության խնդիրն է: Այլ երկրներում հարցը լուծվում է նրանով, որ գոյություն ունեն խորհրդատվական ընկերություններ, որոնք որ թարգմանում են բիզնեսի պահանջները տեխնիկական լեզվին և տեխնոլոգիական ընկերությունների հնարավորությունները կարողանում են մատչելի լեզվով ներկայացնել բիզնեսին: Քանի որ մեզ մոտ այս ենթակառուցվածքը դեռ չի առաջացել, կարծում եմ` այդ խնդիրը կարելի է լուծել անձնական կապերի ստեղծման միջոցով վստահություն կառուցելու շնորհիվ:
— Ի՞նչ ծրագեր են իրականացվում այդ անձնական կապերի ստողծման համար:
— Բազմաթիվ, վերջինը բիզնես-ինովացիոն ֆորումն է, որ տեղի կունենա նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանում: Ֆորումի նպատակն այն է, որ այդ վստահությունը, անձնական կապերը` տենխոլոգիական ոլորտի և այլ ոլորտների բիզնեսների միջև, ստեղծվի: Այսինքն` գաղափարն այս է՝ ինչպես անենք, որ նորարարությունը Հայաստանում ավելի հեշտ ներդրվի թե ձեռնարկության մակարդակով, թե պետության մակարդակով, թե ենթակառուցվածքի մակարդակով: Այդ ֆորումի ժամանակ երեք հիմնական հարթակ է լինելու: Մեկում տեխնոլոգիական ընկերությունները ցույց են տալու բիզնեսի արդյունավետությունը բարձրացնող իրենց լուծումները պրեզենտացիաների ձևով: Օրինակ`հաճախորդների կառավարում, պահեստի կառավարում, լոգիստիկայի կառավարում և այլն: Մյուս հարթակում քննարկվելու են ձեռնարկության մակարդակով նորարարությունների կիրառումը, օրինակ` էլեկտրոնային առևտուր, մոբիլ վճարումներ, հասարակական իրազեկման ոլորտում նորարարությունների կիրառում և այլն: Երրորդ հարթակում արդեն քննարկվելու են բիզնես քաղաքականության հարցեր, օրինակ` սփյուռքի ներգրավում, ինչպես կազմակերպել, օրինակ, ռեգիոնալ զարգացումը և այլն: