Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հետ է կանչվել Թբիլիսի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` վկայակոչելով Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին:
Նախարարի խոսքով՝ Վրաստանը չի նախատեսում խզել դիվանագիտական կապերը Ուկրաինայի հետ կամ վերանայել ռազմավարական գործընկերության հարցը, սակայն վրացական դատական համակարգի կողմից խուզարկվող և դատապարտված անձին Ուկրաինայում պաշտոնի նշանակումը հարցեր է առաջացնում:
«Սա քայլ է, որը նշանակում է, որ երկրների հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել և, դեսպանին հետ կանչելով, հարկավոր է խորհրդակցել նրա հետ հետագա քայլերը ծրագրելու համար: Դեսպանի հետ պետք է քննարկել՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն չունենա երկկողմանի հարաբերությունների և միջազգային կառույցներում համագործակցության վրա»,- ասել է Զալկալիանին: