Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանից անջատված երկու հանրապետությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիները կարող են Եվրոպայի անվճար վիզաներ ստանալ։ Այս մասին նա ասել է հեռուստաելույթի ժամանակ։
Վրաստանի նախագահի խոսքերով՝ նման կարգ է սահմանված Եվրոպայի հետ նախաստորագրված ասոցացման մասին համաձայնագրում։ «Ի՞նչ հեռանկարներ ունեն այնտեղի (Աբխազիայի և Հարավային Օսիայի — խմբ․) հասարակությունները։ Շուտով մենք դա ցույց կտանք։ Նրանք կտեսնեն ժամանակակից եվրոպական Վրաստանը, որտեղ Ցխինվալիի բնակիչն ունենալու է մի անձնագիր, որով՝ առանց խնդիրներ ունենալու, առանց վիզայի կարող է տեղափոխվել Բեռլինից Վիեննա, Հռոմ և այլուր», — ասել է նախագահը։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։
Մարգվելաշվիլին չի նշել, թե կոնկրետ որ անձնագրերի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անձնագրերը Եվրոպան չի ընդունում։