Վրաստանի գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը ՆԱՏՕ-ին անդամագրվելն է։ «Ցանկանում եմ նշել, որ մեր երկիրն իր ներդրումն է ունենում Եվրաատլանտյան տարածքի անվտանգության գործում, և դա պատվավոր առաքելություն է մեզ համար», — ասել է Իվանիշվիլին՝ նշելով, որ Վրաստանն առայժմ դժվար մարտահրավերների առաջ է կանգնած։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։
«Մեր տարածքներն օկուպացված են, իսկ բնակչությանը հնարավորություն չի տրվում վերադառնալ իրենց տները։ Վերջին տարում Վրաստանի կառավարությունը շատ բան է արել ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու համար։ Այս ֆոնին ռուս զինվորները շարունակում են շինություններ կառուցել օկուպացված տարածքների սահմանագծին։ Կառավարությունն այս խնդրի լուծման համար անում է իրատեսական քայլեր՝ ներգրավելով նաև միջազգային հանրությանը», — ասել է Իվանիշվիլին։