Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգվում է։ Այս մասին հայտնել են երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից:
Արգելքը պաշտոնապես երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը:
Երկրի իշխանությունները ավիահաղորդակցությունը դադարեցրել էին մարտի 18-ից՝ փակելով սահմանները արտասահմանցիների համար՝ պայմամավորված կորոնավիրուսի համավարակով:
Քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ ավիատոմսեր գնելուց, քանի դեռ իշխանությունները թռիչքների վերականգնման և չվացուցակի հաստատման մասին վերջնական որոշում չեն կայացրել:
Ավելի վաղ Վրաստանի իշխանություններն հայտարարել էին, որ կառավարում են կորոնավիրուսային իրավիճակը երկրում և կարող են հանգիստ զբոսաշրջիկներ ընդունել։ Հիմա, սակայն, երկրի ղեկավարությունը «փոշմանել» է։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ կանոնավոր թռիչքների վերսկսումը կախված է աշխարհում համաճարակաբանական իրավիճակից։
Հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար, սակայն առաջիկա օրերին իշխանությունները պետք է ներկայացնեն «կանաչ երկրների» ցուցակը, այսինքն՝ համաճարակաբանական տեսակետից անվտանգ երկրների:
Սպասվում է, որ Վրաստան մուտքը կթույլատրեն Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Բալթյան եւ մի շարք այլ երկրներից ճանապարհորդների համար: Ամենայն հավանականությամբ, այս ցուցակի մեջ չեն հայտնվի Ռուսաստանը, Թուրքիան եւ եւս մի քանի երկրներ, որտեղից Վրաստանը ամենամեծ թվով զբոսաշրջիկների էր ընդունում: