տուն Տնտեսական Վնաս ցույց տվող տնօրեններին կփոխեն

Վնաս ցույց տվող տնօրեններին կփոխեն

225
0

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Անդրադառնալով քննարկվող հարցին` վարչապետը խոսեց պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում տիրող վիճակի մասին: «Պարզվում է, որ դեռևս կան ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում», — ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ պետք է էապես խստացնել պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ:

«Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան հանձնարարականները խորհրդակցության արդյունքում ձեզ կներկայացվեն, և համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ դա ավտոմատ լինի. պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել: Կան դեպքեր, երբ 100 տոկոս պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում: Սա նույնպես խնդիր է, որը պետք է քննարկենք, որովհետև մենք ֆինանսավորումը 100 տոկոս ապահովում ենք, և հասկանալի չէ, թե ինչու պետք է դրանք վնասով աշխատեն: Անհապաղ դա պետք է դառնա քննարկման առարկա: Կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, և բացատրություն պետք է տրվի: Մենք հիմա ունենք ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, որոնք անցնում են համայնքային ենթակայության, և մեկ էլ տեսնում ենք, որ սկսում են աշխատել վնասով: Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որպեսզի դա դարձնեն քննարկման առարկա, և եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն և այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում, ուղղակի անթույլատրելի է, և այս որոշումն այդ շարքից է»,- հայտարարեց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here