տուն Քաղաքական Վիտալի Բալասանյանին պետք է կանգնեցնել. Արման Բաբաջանյան

Վիտալի Բալասանյանին պետք է կանգնեցնել. Արման Բաբաջանյան

399
0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախօրեին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որում, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Տարբեր ձևակերպումներով փաթեթավորված այդ սպառնալիքներն իրականում հասնում են ընդհուպ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Սա Վիտալի Բալասանյանի կողմից արդեն որերորդ նման հրապարակային սպառնալիքն է:

Նախորդ նման դեպքերից հետո համարժեք գնահատականի բացակայության պատճառով Բալասանյանը իրեն թույլ է տալիս կոպտագույն կերպով խառնվել Հայաստանի ներքին կյանքին ու որ ամենավտանգավորն է՝ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսել Հայաստանի լեգիտիմ իշխանության, նրա ղեկավարի հասցեին: Դժբախտաբար, դա տեղի է ունենում Արցախի գործող իշխանության լուռ համաձայնության և Հայաստանի ռևանշիստական ուժերի ակնհայտ ոգևորության ու քաջալերման պայմաններում:

Արցախի հերոսի պատվաբեր կոչումը որևէ մեկին, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանին, իրավունք չի տալիս դուրս գալ քաղաքակրթության, բարոյականության ու ի վերջո օրենքի շրջանակներից: Ճիշտ հակառակը՝ յուրաքանչյուր նման հայտարարությամբ Բալասանյանն արժեզրկում է իր կոչումը՝ դառնալով մանր քաղաքական խաղերի գործիք ու խաղալիք:

Ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հանրային ու մտավորական դեմքերը հստակ դիրքորոշում արտահայտեն այս հանցավոր գործելակերպի առթիվ ու առնվազն դատապարտեն Հայաստանի ներքին կյանքին միջամտելու և Հայաստանի ընտրված իշխանության հետ սպառնալիքի լեզվով խոսելու Վիտալի Բալասանյանի գործողությունները: Անթույլատրելի են նաև Արցախը հայաստանյան քաղաքական գործընթացներին մաս դարձնելու ու արցախցի գործիչների միջոցով Հայաստանում մանր ու էժան քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձերը:

Անհրաժեշտ է հստակ սահմանազատում մտցնել հայաստանյան ու արցախյան ներքաղաքական գործընթացներում և որևէ կերպ թույլ չտալ այդ սահմանների հատումը:

Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է այդ սահմանագիծը: Նրան պետք է կանգնեցնել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here