Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանի ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կլինի 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (ընդհանուր` 37.5մլն ԱՄՆ դոլար): Ծրագրի իրականացման արդյունքում
• 1995 հա-ի մեխանիկական ոռոգում կփոխարինվի ինքնահոսով
• 1660 հա-ով կընդլայնվեն պոտենցիալ ոռոգելի տարածքները
• Զգալի կկրճատվի ջրի կորուստը, կնվազի ոռոգման ջրի ինքնարժեքը:
Ոռոգման համակարգերի բարելավման քառամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է թիրախային համակարգերում մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, բարեկարգել գործող ջրանցքները:
1.Ծրագրով կֆինանսավորվի ոռոգման ինքնահոս համակարգերի կառուցումը. Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ եւ Քաղցրաշեն (24,7 մլն ԱՄՆ դոլար):
2. 8.4 մլն դոլար կհատկացվի մեխանիկական եղանակով ոռոգման ջուր տեղափոխող` հեռացնող ջրանցքների համակարգերի բարելավմանը:
3.Նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգում հսկողության եւ տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգի մաս կազմող սարքերի տեղադրում (շուրջ 0,8մլն ԱՄՆ դոլար):
Ծրագրի շրջանակում Ազատ գետից եւ ջրամբարից ջուր մղող 3 գործող պոմպակայանները կփոխարինվեն Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս ջրամատակարարմամբ` խողովակաշարի միջոցով:
Ծրագրի շնորհիվ ոռոգվող տարածքը 456 հա-ից կընդլայնվի մինչեւ 1 000 հա: Ջրի նոր տարեկան պահանջարկը կդառնա 3,4 մլն խորանարդ մետր, որից 2,4 մլն խորանարդ մետրը կմատակարարվի ջրամբարից, իսկ 1մլն-ը կառաջանա սպասարկման տարածքի սեզոնային հոսքերից:
գ. Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգ
Արաքս գետից ջուր մղող 16 պոմպակայանները կփոխարինվեն ինքնահոս ոռոգմամբ` Մեղրի գետից: Նախատեսված հիմնական աշխատանքներն են` Մեղրի գետի վրա ջրընդունիչ կառույցի եւ մոտ 37,5 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցում՝ սկսած այդ աղբյուրից մինչեւ պոմպակայաններ:
16 պոմպակայանից սնուցվող ոռոգման ընդհանուր տարածքն այժմ կազմում է մոտ 410 հա (մոտ 800 հա` պոտենցիալից): Պոմպակայանների ֆիզիկական եւ բարոյական մեծ մաշվածության պատճառով այս տարածքում մեծ են ջրամատակարարման ընդհատումներն ու կորուստները:
Միայն այս ինքնահոս համակարգից ակնկալվում է տարեկան շուրջ 3,7 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն, ինչը 2013թ. էլեկտրաէներգիայի սակագնով համարժեք է մոտ 320 հազար ԱՄՆ դոլարի: Մոտ 390 հա-ով կավելանան ոռոգվող տարածքները` ջրի հուսալի մատակարարման եւ խնայողությունների շնորհիվ:
դ. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ
Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը ջուրը ստանում է Արտաշատի ջրանցքից, որը սնվում է Հրազդան գետից եւ Ազատ գետի վրա կառուցված Ազատի ջրամբարից: Պոմպակայանը ջուրը մղում է 180 մ բարձրության վրա:
Ծրագրի շրջանակում Ազատ գետի վրա՝ Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերեւ, կկառուցվի ջրընդունիչ կառույց եւ մոտեցնող խողովակաշար, որը ջուրը կհասցնի Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազանը` հնարավորություն տալով ինքնահոս ոռոգման ջրով ապահովել գործող համակարգով սպասարկվող հողերը:
Համաձայն նախնական տվյալների, խողովակաշարի ընդհանուր երկարությունը կլինի 23, 5 կմ: Այն կսկսվի 1230 մ մակարդակից եւ կվերջանա 1131 մ բարձրության վրա:
Այս համակարգի սպասարկման տարածքում ոռոգվող հողերի պոտենցիալը 967 հա-ից կհասնի 1380հա-ի:
2.Ջրանցքների բարելավում
ա . Այս ենթաբաղադրիչով կվերականգնվի ոռոգման համակարգերի հեռացնող 29 ջրանցքներից 13-ի շուրջ 52 կմ առավել քայքայված հատվածները` թանկարժեք ջրի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաեւ թույլ կտա կրճատել ընտրված` հեռացնող եւ բաժանարար ջրանցքների պահպանման եւ կապիտալ ծախսերը:
3. SCADA համակարգի սարքերի տեղադրում
ա. SCADA-ն ջրաչափման եւ կառավարման ժամանակակից համակարգ է, օգտագործվում է բազմաթիվ երկրներում:
Այս ենթաբաղադրիչի շրջանակում մայր ջրանցքների եւ մի քանի այլ ջրընդունիչ կետերի 71 դիտակետերում կտեղադրվի ջրաչափման եւ ջրի հոսքի կառավարման ժամանակակից մոդել:
Ենթաբաղադրիչի նպատակներն են` բարձրացնել ջրի տեղափոխման եւ բաշխման արդյունավետությունը, հստակեցնել ջրի կորուստները, բարելավել ջրի հոսքի կառավարումը, կատարել ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցել այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավել ջրամատակարարումը: