տուն Լուրեր Վերցնելու եմ մանդատը և աշխատելու եմ. Արթուր Մանուկյան

Վերցնելու եմ մանդատը և աշխատելու եմ. Արթուր Մանուկյան

607
0

Գիտեի, որ հաջորդը համամասնական ցուցակով ես եմ լինելու, բայց այս պահին լուրն անսպասելի էր: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, դերասան Արթուր Մանուկյանը, ով առաջիկայում կդառնա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ փոխարինելով մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանին:

«Մանդատը վերցնելու եմ: Ես մշակույթի մարդ եմ, միշտ այդ ոլորտում եմ եղել, այդ ուղղությամբ էլ կշարունակեմ աշխատել՝ արդեն որպես պատգամավոր»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանն այս պահին դժվարացավ շատ մանրամասներ ներկայացնել, նշելով, որ ինքը դեռ պետք է ծանոթանա այն աշխատանքներին, որոնք սկսել են պատգամավորները, և ինքն էլ կներկայացնի իր ծրագրերը:

Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թ. հուլիսի 30-ին, Երևանում: 1985-89 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում, 1993-98 թթ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Աշխատել է «Ա1+», «Հայրենիք» հեռուստաընկերություններում՝ որպես ռեժիսոր: 1990 թ.-ից աշխատել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան, 2016 թ.-ից՝ Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Որպես դերասան աշխատել է նաև Երևանի կամերային թատրոնում, որպես երգիչ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբում:

Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Միշել դե Գելդերոդի «Խեղկատակների դպրոցը» (Գալգյուտ), Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Անցորդ), Վ.Սարոյանի «Օպերա, օպերա» (Խեղկատակ), Խ.Չալիկյանի «Ռոսինանտ» (Դոն Կիխոտ), Ա.Չեխովի «Իվանով» (Բժիշկ), «Ուղղիչ գաղութում» (Կալանավոր), Պ.Վայսի «Մարատ Սադ» (Մունետիկ), Տ.Գուերայի «Մեղր» (Ծերուկ), Ս.Բեքեթի «Դեպի վերջ» (Քլով), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Ծաղրածու), Ֆ.Դոստոևսկու «Անկոչ Աննան» (Ջութակահար) և այլն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2018 թ.-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է: 2016 թ. պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցության համար:

Արթուր Մանուկյանը հանդես է եկել նաև «Հանդիպման վայրը» հեռուստանովելում, որտեղ փայլուն կերպով կատարեց հրամանատարի դերը:




Ապագա պատգամավորը խաղացել է նաև «Անհայտ բաժանորդ» ֆիլմում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here