Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը (ՀԾԿՀ) այսօր որոշեց թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի միջին սակագինը կդառնա 38.5 դրամ` ներառյալ Ավելացված արժեքի հարկը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ թանկացումն անխուսափելի է, քանի որ չթանկացնելու դեպքում համակարգի կայունությունը կվտանգվի, իսկ այդ կայունությունն այլ կերպ պահպանելու ոչ մի ռեզերվ չկա: ՀԾԿՀ-ի տվյալներով` համակարգում ֆինանսական ճեղքվածքը (ծախսերի գերազանցումը եկամուտներին) 2014-2015թթ կարող է կազմել շուրջ 17.9 միլիարդ դրամ և այն փակելու համար անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը բարձրացնել 3.85 դրամով` ներառյալ ԱԱՀ-ն:
Նշենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը 2013-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ էլեկտրաէներգիայի խոշոր արտադրողները 2014-ի ապրիլ-մայիս ամիսներին դիմել էին ՀԾԿՀ-ին` էլեկտրաէենրգիայի սակագնի բարձրացման հարցով: Այս տարվա հունիսի 4-ին ՀԾԿՀ-ն ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, սկսել էր էլեկտրաէնեգետիկական համակարգում սակագների վերանայման գործընթացը: