Այս տարի տոմսերի վաճառքը դեպի Ռուսաստան շատ է եղել, թե ավտոբուսի, թե ավիաուղիների: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի` ավիատոմսերի դրամարկղում արդեն 15 տարի աշխատող Գոհար Զալինյանը:
«Մեր մոտից հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, գնում են իրանց օրվա հացը աշխատելու համար: Ով հնարավորություն ունի՝ մնում է, ով չէ՝ հետ է գալիս: Ավտոբուսի տոմսերն ավելի շատ են վաճառվում, քանի որ ժողովրդի համար գինը մատչելի է: Եղել է 40 հազար, 35 հազար: Այս տարի շատ էժան էր, մինչեւ 19 հազար դրամ վաճառվել է ավտոբուսի տոմսերը դեպի Ռուսաստան»,- ասում է Գոհար Զալինյանը:
Նա նշում է, որ Նոյեմբերյանում կան 4 ավիատոմսերի դրամարկղներ: Միայն իր մոտից, 2013 թ-ի ընթացքում, վաճառվել է 500 տոմս:
«Վերջին երկու տարին է , որ ավտոբուսի ճանապարհը բացվել է: Նոյեմբերյանից էլ են գալիս տոմսեր առնելու, էս շրջանի գյուղերից էլ: Ամենաանապահով խավը մի 200 հոգի կլինի, որ միշտ գալիս գնում է միայն իմ մոտից տոմս առնելով: Վերջին երկու տարիներին արտագաղթն ավելի շատ է»,- ասում է Զալինյանը:
Նա նշում է, որ ամեն օր ավտոբուս է շարժվում Ռուսաստանի տարբեր ուղղություններով: Իսկ շաբաթական երեք օր ուղղություն կա դեպի Մոսկվա:
«Ես ինքս մի 5-6 կազմակերպության համար վաճառում եմ ավտոբուսի տոմսեր: Ադեն 15 տարի է աշխատում եմ ավիատոմսերի դրամարկղում եւ կարող եմ ասել, որ առաջ արտագաղթողները շատ էին գալիս ծնողներին տեսակցության, կամ Նոր տարուց առաջ անպայման ծնողներին կանչում էին իրենց մոտ, հիմա դա էլ չկա: Երեւի ֆինանսական ծախսերի հետ է կապված»,- նշում է Զալինյանը:
Նա հավելում է, որ իր երեխաները` դուստրն ու երկու որդիները, նույնպես արտագաղթել են երկրից եւ ապրում են Ռուսաստանի տարբեր մասերում:
«Ես գոնե կարողանում եմ իրենց գնալ հյուր»,-ասում է Զալինյանը:
Լիլիթ Առաքելյան